Ադրբեջանի այսպես կոչված «աղվանա-ուդիական» համայնքը համացանցում տարածել է Ծիծեռնավանքի լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ հայոց հնագույն վանքում վանդալիզմի հերթական գործողությունն է իրականացվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ Ծիծեռնավանքում ադրբեջանական վանդալիզմի դրսևորման վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է «Monument Watch» հուշարձանների դիտարկման և ուսումնասիրության անկախ ակադեմիական հարթակը:

«Հատկանշելի է Ծիծեռնավանքի եզակի շուրֆի քանդելը, որն ըստ հետազոտող Ալեքսան Հակոբյանի՝ կավաշաղախ հատակի տակ ագուցված, Ծիծեռնավանքի եզակի ֆենոմեններից մեկը հանդիսացող գինու կարաս է։ Լուսանկրաներից երևում է Ծիծեռնավանքի Սուրբ սեղանի բացակայությունը, բեմի վրա մոմավառությանը, որը նույնպես վնաս հասցնելու տարբերակներից է: Ցավոք, ադրբեջանական մշակութային էթնոցիդի այդ քաղաքականությունը նոր չէ։ Նրանք Ծիծեռնավանքն աղվանացնելու ու այդ անվան տակ յուրացնելու նպատակ են հետապնդում»,- ասել է Լ. Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ չնայած Հաագայի արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, ըստ որի պետք է արգելվեն հայկական եկեղեցիների պղծման գործողությունները, Ադրբեջանը շարունակում էմշակութային ցեղասպանության իր քաղաքականությունը։

«Մենք գործ ունենք մի թշնամու հետ, որն ընդհանրապես որևէ միջազգային կամ որևէ այլ արձագանք հաշվի չի առնում, վարում է իր քաղաքականությունը և, ցավոք, մնում է անպատիժ»,- եզրափակել է ԿԳՄՍ փոխնախարարը: