Բնակիչները, ում հաջողվել է փախչել ԿԺԴՀ-ից, հայտնել են, որ իրենցից շատերի համար համացանցը մնում է անհասանելի շքեղություն, իսկ ներքին ցանցն ունի հսկայական քանակությամբ արգելքներ և ստուգումներ։ Այս մասին հայտնում է The Wired-ը։

Հոդվածի համաձայն՝ Հյուսիսային Կորեայում մի քանի օր է պահանջվում, որպեսզի մարդիկ անցնեն հաստատման գործընթացը՝ ներքին համացանց մուտք ունենալու համար։ Բայց դրանից հետո էլ դիտորդներն անդադար նստած են մարդկանց կողքին։ Համացանցից կարելի է օգտվել ոչ ավելի, քան մեկ ժամ:

«Յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ էկրանն ինքնաբերաբար «սառչում է», որից հետո դիտորդը դիտում է այցելած կայքերը և կատարում մատնահետքով նույնականացում՝ համացանցի հետագա օգտագործումը թույլ տալու համար», - ասվում է նյութում: Մոտակայքում մշտապես գտնվում է նաև պետական անվտանգության աշխատակից։

Հյուսիսային Կորեայի նախկին քաղաքացիների կարծիքով՝ ԿԺԴՀ-ի միլիոնավոր բնակիչների համար համացանց պարզապես գոյություն չունի։ Փախչողներից մեկն օրինակ է բերել, որ Հյուսիսային Կորեայում «չգիտեն, թե ինչ է Wi-Fi-ը», ինչպես նաև տեղյակ չեն Google որոնողական համակարգի գոյության մասին։ Քաղաքացիները նաև նշել են, որ Հարավային Կորեայի բոլոր ռեսուրսները արգելափակված են ԿԺԴՀ-ում։