ՍԻՄ-ը դատապարտում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությունը.
«Թրքահպատակ վարչախումբը հերթական աղաղակող քաղաքական հետապնդումն է իրականացնում, այս անգամ' ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ: Հատկանշական է, որ Արմեն Աշոտյանին ձերբակալելու և կալանավորելու պահանջով դատարան դիմելու որոշումը կայացվել է այս օրերին, երբ Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական օղակն օրեցօր ավելի է սեղմվում, ներքաղաքական կյանքում լարվածությունն ավելանում է, իսկ Հայաստանի իշխանազավթների վարկանիշը' տարբեր հարցումների տվյալներով ավելի ու ավելի է գահավիժում:
Ակնհայտ է, որ վարչախումբը նման գործողություններով նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել օրհասական ներքին և արտաքին խնդիրներից:
Մենք արձանագրում ենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման: Ակնհայտ է, որ տեղի ունեցողն ուղղակիորեն համակարգվում է վարչախմբի բարձրագույն ներկայացուցիչների կողմից:
ՍԻՄ նախագահությունն իր զորակցությունն է հայտնում Արմեն Աշոտյանին և խստագույնս դատապարտում է քաղաքական հետապնդումների' արդեն մշտական գործելակերպ դարձած հանցավոր պրակտիկան: Վստահություն ենք հայտնում, որ դա չի կանխի այս վարչակարգի հեռացումը»։