Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շինությունների հարցը կրկին արդիական դարձավ հեղափոխությունից հետո։ Իշխանությունները հայտարարեցին, որ Սևանի ափամերձ տարածքում «1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ Խորհրդային Միությունից մնացած որոշ պոմպակայանների, ապօրինի են, և այդ նիշից ցածր որևէ օրինական շինություն չկա…»։

Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես հրապարակային հայտարարել էր, որ Սևան Ազգային պառկին պետք է վերադարձվեն մեծ անունով մարդկանց կողմից զավթած հողատարածքները: 

Այս հայտարարությունը արվել է չորս տարի առաջ: Ուսումնասիրելով Սևանի ափամերձ հատվածում ապօրինի կառուցված շինությունների սեփականատերերի/օգտագործողների՝ «Սևան ազգային պարկի» տրամադրած ցանկը՝ պարզ է դառնում, թե ներկա ու նախկին պաշտոնյաներից ովքեր են իրենց օրենքից դուրս հռչակել՝ արգելված գոտում ապօրինի կառուցապատում իրականացնելով։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը ևս ապօրինի տնակներ ունի Սևանի ափամերձ տարածքում՝ 1900.28-1901.46 բարձրության վրա։ Հատկանշական է, որ Սասուն Միքայելյանն անգամ հողի վարձակալության վկայական չունի։ Ըստ Սևանի ազգային պարկի կազմած ցուցակի` Սևանի ափամերձ տարածքում ապօրինի կառույցներ ունեն ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը: Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մաս կազմող մի շարք կառույցներ ևս ապօրինի են և կառուցվել են սահմանված նիշից ցածր (1901.22 մետր)։ Արգելված հատվածում կառուցված երկու քոթեջ ունի նաև «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը։ Հյուրանոցի սեփականատեր «Արթ բիլդ» ընկերության 50 տոկոս բաժնետերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանն է։

 

Այժմ հարց է առաջանում՝ պատեհ և անպատեհ առիթներով դուխից խոսացող, սեփական դուխով պարծեցող իշխանությունները ինչո՞ւ չորս տարի անց էլ դուխ չունեն ապամոնտաժելու իրենց սրտի օլիգարխի կամ Փաշինյանի թիմի առանցքային դեմքերից մեկի՝ Սասուն Միքայելյանի օբյեկտները: Հատկապես, որ Սասուն Միքայելյանի հետ ՇՄ նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանի ջրերը երբեք էլ մեկ առվով չեն հոսել և մամուլում առկա հաղորդագրությունների համաձայն` հենց Միքայելյանն է հասել նրան, որ Փաշինյանը Պետրոսյանին հեռացրել է Կոտայքի մարզից, որի հանդեպ հավակնություններ ունի գեներալը: Սևանը ապօրինի օբյեկտներից մաքրելու գործը շարունակեց նոր նախարարը՝ Հակոբ Սիմիդյանը, սակայն ակնհայտ է, որ Սևան ազգային պառկին մինչ օրս որևէ օլիգարխի օբյեկտի կողմից զավթած տարածք չի վերադարձվել, իսկ եթե ինչ որ հողատարածք էլ այնուամենայնիվ կարողացել են հետ վերցնել, ապա դրանք որպես կանոն պատկանում են հպարտ ու շարքային քաղաքացիներին:

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից չորս տարի անց կարող ենք արձանագրել, որ իշխանությունները խնայել են մեծ անունով մարդկանց և նրանց բիզնեսները...