«Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի և մեր կառավարությունը՝ առերեսվելով բոլոր դժվարությունների և բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը»,-այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հայտարարությանը, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը այն կարծիքը հայտնեց, որ խաղաղությունը լինելու է հայ ժողովրդի կյանքի և այրան գնով, որը վերջում հայ ժողովրդին պետք չի լինելու, որովհետև Արցախը ամբողջությամբ հայաթափված է լինելու, Հայաստանն էլ՝ ամբողջությամբ թրքացված։ Զաքարյանի խոսքով` իրական խաղաղության գինը ուժն է, կազմակերպվածությունը, սեփական պետությանը, բանակին տեր կանգնելը։

«Նիկոլ Փաշինյանը և խաղաղությունը, դրանք տարբեր բաներ են, իրենց կառավարությունը, եթե դա կարելի է կառավարություն ասել, իրականում քաղաքական բանդա է։ Իրենք Հայաստանի Հանրապետության ողբերգությունների և աղետների միակ հեղինակն են երեք պատճառով․ առաջինը` դավաճան են, երկրորդ` տգետ են, երրորդ` մորթապաշտ, վախկոտ, և գումար շատ են սիրում»,-նշեց նա։

Մեր զրուցակցի խոսքով` աշխարհում խելացի ժողովուրդները նորմալ ղեկավարություն են ձևավորում և պաշտպանվում, իսկ մեր ժողովուրդը, թեկուզև խելացի է, բայց, ըստ Զաքարյանի, միամիտ է և անբախտ, հայտնվել է դիլետանտների և դավաճանների ձեռքում.

«Նիկոլը և իր խունտան մեր պետության սպառնալիքների և մարտահրավերների գլխավոր աղբյուրն են, իրենց նպատակը Հայաստանը կործանելն է, իսկ ընդդիմության նպատակը դա հնարավորինս թույլ չտալը, բայց, ցավոք, ընդդիմության մոտ էլ չի ստացվում այնպես, ինչպես ցանկալի կլիներ։ Զոհերի գնով խաղաղություն չի լինում, դա նույնն է, որ հավաբունը մտնում են մի քանի հատ հավ են մորթում, մնացած հավերը հույս են ունենում, որ վերջ, իրենք արդեն փրկված են։ Նիկոլը Հայաստանի Հանրապետությունը հավաբնի է վերածել և կենդանի մնացածները մտածում են՝ իրենց չեն մորթելու՝ խաղաղությունը սկսվել է արդեն։ Համեմատությունը, իհարկե, կոպիտ է, սակայն մեր ժողովրդին չի վերբերում, Նիկոլի վարած քաղաքականությունն եմ ուզում նկարագրել»,-ասաց Արտակ Զաքարյանն ու հավելեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ղեկին՝ մենք շատ մեծ և էլ ավելի կործանարար պատերազմի մեջ ենք հայտնվելու։