Հայաստանում Կառավարության, գործող քաղաքական ուժի խնդիրն է երկրում սահմանել արդարադատության նոր ստանդարտ: Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:

«ՀՀ-ում և Հայաստանի հանրության ամենամեծ ակնկալիքը եղել և շարունակում է մնալ արդարությունը, արդարությունը բոլոր ոլորտներում՝ սկսած սոցիալականից՝ ավարտած քաղաքականով: Եվ իհարկե, արդարության ամենակարևոր արտահայտումը, թերևս, արդարադատությունն է»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ որպես քաղաքական իշխանություն՝ իրենք այս ուղերձն ամեն օր իրենց հետ ունեն՝ սկսած սոցիալականից մինչև արդարադատության ոլորտում էական բարեփոխումներ իրականացնելով:

Նա նշեց նաև, որ այս տարիներին աշխատավարձի էական բարձրացումներ են արել արդարադատության ոլորտում: Նաև, դատախազության համակարգի աշխատավարձերն են գրեթե կրկնապատկվել: Բարձրացումներ եղել են դատական համակարգում, քննչական համակարգում: Վարչապետը հասկանալի համարեց, որ այդ մոտեցումները միշտ չէ, որ ընդունվում են բարյացակամորեն:

«Բայց ամեն անգամ ես, աշխատավարձերի բարձրացմանն անդրադառնալով, ասում եմ, որ մենք դա անում ենք առաջնահերթ ոչ թե հանուն դատախազների,դատավորների, քննիչների, այլ, առաջին հերթին, հանուն քաղաքացիների, քանի որ այդ միջոցով մենք նպատակ ունենք բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայության, արդարադատության որակը: Եվ այս առումով մեր քաղաքական խնդիրն է Հայաստանում արդարադատության նոր ստանդարտ սահմանելը: Եվ ես հավատում եմ, որ այդ նոր ստանդարտը հաստատման ճանապարհին է: Դա հեշտ ճանապարհ չէ, բայց հետևողականորեն գնում ենք դրանով»,-ասաց վարչապետը: