Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է «ադրբեջանական կողմի հետ բանակցություններում ԱՀ տարածքից ծանր զինտեխնիկա դուրս բերելու գործընթացում» իմ մասնակցության մասին լուրերին:
Հայտարարությունում ասվում է. «Վերջին օրերին որոշ շրջանակների կողմից լրատվամիջոցներում տարաբնույթ հայտարարություններ են արվում «ադրբեջանական կողմի հետ բանակցություններում ԱՀ տարածքից ծանր զինտեխնիկա դուրս բերելու գործընթացում» իմ մասնակցության մասին, որի վերաբերյալ հարկ եմ համարում հայտարարել.
Արցախի Հանրապետության նախագահի կողմից նշանակվելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերի համակարգող՝ ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին մասնակցել եմ բացառապես նշյալ լիազորությունների սահմաններում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական ոլորտը ունի համապատասխան գերատեսչություն, որը զբաղվում է անվտանգային-ռազմավարական հարցերի համակարգմամբ՝ ի պաշտոնե չունեի համապատասխան որոշումներ կայացնելու լիազորություններ, իսկ ունենալու դեպքում՝ չէի իրականացնի Արցախի Հանրապետության կենսական շահերը խաթարող որևէ գործունեություն:
Ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին, որպես ԱԽ քարտուղար՝ արցախյան պատկան մարմինների հետ մասնակցել եմ ԱՀ համար կենսական նշանակության ենթակառուցվածքների, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության խնդիրների կարգավորման աշխատանքներին:
Հաշվի առնելով անվտանգային համակարգի նրբությունները՝ առհասարակ, իմ պաշտոնավարման ընթացքում և այսօր էլ հնարավորության սահմաններում իրականացվելիք աշխատանքների մասին մշտապես նախընտրել եմ չբարձրաձայնել և խուսափել դրանք հանրայնացնելուց:
Ուստի վերջին շրջանում իմ շուրջ արված հայտարարությունները զուրկ են որևէ հիմքից և ունեն պառակտիչ նպատակներ: Հորդորում եմ զերծ մնալ այս ծանր ժամանակաշրջանում մեր հանրությանը պառակտող և առանց որևէ հիմքերի մեկնաբանություններ անելուց: