ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վրաստանի քաղաքացի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացուց շորթում կատարելու դեպքի առթիվ դեռևս 2016թ. ապրիլին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ անձը, ով քրեական վարույթի շրջանակներում գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, հայտնաբերվել էր Չեխիայի Հանրապետությունում, փոխանցվել ՀՀ իրավասու մարմիններին, որից հետո նրան ներկայացվել էր շորթում կատարելու մեղադրանք և կալանավորվել:

Քննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ վերջինս, ով հայտնի է «Վիտյա Թբիլիսսկի» մականվամբ, 2016 թվականի մարտի 26-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Կոմիտաս պողոտայում գտնվող ռեստորաններից մեկում, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ներկայանալով որպես «օրենքով գող», իբր պարտված գրազի վերաբերյալ զրուցելու պատրվակով, զանգահարել և հանդիպման է հրավիրևել Կոտայքի մարզի 43-ամյա բնակչին։

Պայմանավորվածության համաձայն՝ վերջինս իր ավտոմեքենայով գնացել է հիշյալ ռեստորան, որտեղ հանդիպել է 7-8 անձանց հետ, այդ թվում՝ վերոհիշյալ քրեական հեղինակություն Վ.Ա.-ի։

Խոսակցության ընթացքում Վ.Ա.-ն անհիմն մեղադրել է տղամարդուն պարտված գրազը՝ 20.000 ԱՄՆ դոլարը, չտալու մեջ, սպառնացել է նրան և ընտանիքի անդամներին՝ պահանջելով գումարը, իսկ երբ վերջինս հայտնել է, որ ինքը գրազով գումար որևէ մեկին չի պարտվել և իրեն ներկայացված պահանջներն անհիմն են, Վ.Ա.-ն մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին՝ միաժամանակ շարունակելով ապօրինի պահանջել նշված գումարը։

Գործադրված բռնության և իր ու ընտանիքի անդամների հասցեին հնչեցրած սպառնալիքների հետևանքով առաջացած վախի ազդեցության տակ տղամարդը համաձայնել է կատարել իրեն ներկայացված պահանջը:

Տեղեկանալով, որ վերջինս ռեստորան է եկել «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենայով, որպես պահանջվող գումարն իրենց հանձնելու երաշխիք, նրանից վերցրել են ավտոմեքենայի բանալիները։

Քրեական վարույթով իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերստին քննարկելու ընթացքում Վ.Ա.-ն դատարանում հայտարարել է, որ ինքը հանդիսանում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, հաստատել է այն հանգամանքը, որ ինքը ստացել է քրեական աստիճանակարգության բարձրագույն «օրենքով գող»-ի կարգավիճակ, կապված է քրեական ենթամշակույթի հետ, ստացել և պահպանում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնները։

Հաշվի առնելով, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն «օրենքով գող» լինելու հանգամանքը բարձրաձայնելով՝ նա իրական հնարավորություն է ստեղծում իր կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, համարվելու հեղինակություն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների շրջանակներում իրականացնելու դրանից բխող գործողություններ՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, Վ.Ա.-ին ավելի վաղ առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ հանցանք կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդութամբ, հանձնվել է հսկող դատախազին:

Շորթմանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: