Ուելսի (Մեծ Բրիտանիա) բնակչուհի Բրիոնի Միլս-Էվանսը ծննդաբերել է՝ չիմանալով իր հղիության մասին։ Դեպքը տեղի է ունեցել գեղեցկության սրահում, որտեղ աշխատում էր կինը։ Այս մասին հայտնում է Glamour Magazine-ը։
Ամեն ինչ տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակ 23-ամյա Միլա-Էվանսն աշխատում էր գեղեցկության սրահում։ Երբ կինը ճանապարհել է վերջին հաճախորդին, նրա որովայնն սկսել է սաստիկ ցավել։
Միլս-Էվանսը պատմել է, որ պառկել է մերսման սեղանի վրա, հանել է լեգինսները և փորձել է ցավը մեղմել մերսման միջոցով, բայց դա չի օգնել: Երբ ցավերն անտանելի են դարձել, կինը ձեռքն իջեցրել է դեպի հեշտոցն ու հասկացել, որ այնտեղից փոքրիկ երեխայի գլուխ է դուրս գալիս։
«Մտածելու ժամանակ չկար։ Ես մենակ էի սրահում։ Հեռախոսս լիցքավորված չէր և կողքի սենյակում էր։ Ես չգիտեի, որ հղի եմ եղել վերջին 10 ամիսների ընթացքում, և դեռ ավելին, ես ոչինչ չգիտեի հղիության և ծննդաբերության մասին: Բայց ինչ-որ կերպ աշխատեցին բնազդները: Եվ 20 րոպե անց, երբ ես ձեռքով զգացի գլուխը, լսեցի իմ երեխայի լացը: Ես նայեցի ներքև և տեսա, որ դուստր եմ լույս աշխարհ բերել»,- պատմել է բրիտանուհին։
Կինը սեղմել է դստերը կրծքին, ապա փաթաթել սրբիչներով, հոնքերի մկրատով կտրել պորտալարն ու շտապօգնություն կանչել։ Գեղեցկության սրահ ժամանած բժիշկները երիտասարդ մորը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել ու զննել նորածինին։
Հիվանդանոցում կինը կապ է հաստատել մոր հետ, ով զարմացել է դստեր պատմած լուրից։ Այդուհանդերձ, կինն աջակցել է դստերը և օգնել նրան նոր կարգավիճակում։
Աղջկա հայրը, ում հետ Միլս-Էվանսը բաժանվել է ծննդաբերությունից առաջ, ցանկություն է հայտնել դառնալ նոր ընտանիքի անդամ։ Նա վերադարձել է նախկին ընկերուհու մոտ, նրանք վերսկսել են հարաբերությունները։ Զույգը ևս մեկ երեխա է ունեցել 2023 թվականին։