Այսօրվանից մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախորդող քարոզարշավը և մասնակից կուսակցությունները ակտիվորեն մտել են՝ երևանցիների սիրտը շահելու համար մղվող մրցապայքարի մեջ: Քանի դեռ ամբողջական ներկայացված չեն քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, աչքի տակով ենք անցկացրել վերջիններիս կարգախոսները: Ասել, որ դրանք «շեդեվրալ» են, նշանակում է ոչինչ չասել:
Դիցուք՝ «Դու կարող ես» կարգախոսով սեպտեմբերի 17-ի ընտրությունների կմասնակցի նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը: Այս քաղաքական ուժը ձևավորվել է 2016-ին և դրանից հետո գրեթե ոչնչով աչքի չի ընկել: Թերևս դրանով է պայմանավորված կարգախոսի ընտրությունը, որով պատասխանատվությունը դրվում է երևանցիների վրա՝ «Դու կարող ես» և ոչ թե «Մենք կարող ենք», քանի որ կարողությունների ցուցադրմանը այսքան տարի դեռ գործը չի հասել:
«Հանրապետություն» կուսակցությունը որոշել է ներկայանալ «Իմ Երևանն ես...» կարգախոսով: Փաստենք, որ չնայած այն հանգամանքին, որ ավագանիում «Լույս» դաշինքի կազմում հայտնված «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը բավական ակտիվ է քննադատում քաղաքային իշխանություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը մինչ այս վերջին անգամ հանրային դաշտում էր հայտնվել՝ արդարադատության նախարարի պաշտոնին հրաժեշտ տալու օրը, դրանից հետո՝ կորելով «ռադարներից»:
«Ապրելու երկիր» կուսակցությունը էլ ավելի հեռուն է գնացել՝ իր առջև կայսերական նպատակներ դնելով։ Նրանք ոչ ավել, ոչ պակաս որոշել են փոխել ապագան: Կարելի է մտածել, որ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին երկու համարները, համատեղության կարգով Նիկոլ Փաշինյանի կաբինետի նախկին երկու անդամները՝ Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը, ներկայումս արձանագրվող բազմաթիվ բացասական երևույթները փոխելու, մարտահրավերներին լուծումներ գտնելու հարցը «հորով-մորով» են արել և արդեն իսկ որոշել են անցում կատարել ապագային...
Նորայր Նորիկյանի ղեկավարած «Արդար Հայաստան» կուսակցությունը այս ընտրություններին հանդես է գալու՝ «Վստահիր, հավատա, փոխելու ենք...» կարգախոսով: Վերջին խորհրդարանական ընտրություններին այս ուժը մասնակցում էր «Վեր կաց, Հայաստան» կարգախոսով: Ինչպես տեսնում ենք՝ արվել են որոշակի վերլուծություններ և պարզ է դարձել, որ Հայաստանի չվերկենալու պատճառը հենց հավատի և վստահության բացակայությունն է քաղաքական դաշտի խաղացողների հանդեպ:
«Լուսավոր Հայաստան»–ը, որի նախընտրական ցուցակը գլխավորում է Դավիթ Խաժակյանը, հանդես է գալիս միանգամից երկու՝ «Առաջ, նոր շնչով» և «Միացի՛ր առաջարկներիս» կարգախոսով: Համաձայնեք, հրամայական տոնն ակնհայտ է։ Ընդ որում, քաղաքացիներին հրամաններ արձակելը, կարծես թե, դարձել է Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցության այցեքարտը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլ վերջիններս մասնակցում էին «Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր» կարգախոսով:
Հայկ Մարությանին քաղաքապետի թեկնածու առաջադրած Ազգային առաջընթաց կուսակցությունը հանդես է եկել ՝ «Նոր իրավիճակ, նոր լուծումներ» կարգախոսով: Մինչ այս պահը, սակայն, կուսակցությունը նոր իրավիճակին համարժեք նոր լուծումներ չի առաջարկել հանրությանը, սակայն Երևանցիների հույսերը արդարացնելու ժամանակ դեռևս ունեն, հատկապես, որ ըստ վերջին սոցհարցումների՝ Հայկ Մարությանը երկրորդն է մրցապայքարում: Տարատեսակ քաղաքական ինտրիգների և խաղերի մեջ չթաթախված կուսակցությամբ առաջադրվելն էլ, իհարկե, աշխատելու է հենց Մարությանի օգտին:
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջ է քաշել՝ «Միացիր, որ փոխենք» կարգախոսը: Այս ուժը ձևավորվել է վերջերս՝ «Հայաստան» դաշինքից փաստացի հեռացած Անդրանիկ Թևանյանի կողմից և հանդես է գալիս ընդգծված ռադիկալ ընդդիմադիր դիրքերից՝ Երևանում իշխանափոխությունը դիտարկելով Հայաստանում համալիր իշխանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ քայլ: Այս ուժի ստացած ձայներից պարզ կդառնա, թե որքան է կազմում Երևանում ռադիկալ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդկանց թիվը, որոնք պատրաստ են իրենց ձայնը տալ հենց այս քաղաքական ուժին, որը փաստացի որևէ կապ չունի «Հայաստան» դաշինքի հետ:
Հաղթանակ կուսակցությունը՝ «Մարդամոտ քաղաք» կարգախոսը: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ով պաշտոնին հրաժեշտ տալուց հետո էլ բավական ակտիվ էր հանրային դաշտում և պարբերաբար հանդես էր գալիս Երևանի խնդիրների լուծման առաջարկներ ներկայացնելով:
Եվ վերջում՝ թերևս ամենաքննարկված և քննադատված կագախոսը: Այսօրվանից սոցիալական ցանցերը ողողվել են ՔՊ-ական իրական ու կեղծ պրոպագանդիստների՝ Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզչապաստառը տարածող գրառումներով: Այդ պաստառում ուշադրություն է գրավում ոչ միայն և ոչ այնքան Տիգրան Ավինյանին՝ գործնական ու վճռական տեսքով կանգնեցրած ու լուսանկարած լուսանկարիչների աշխատանքի տապալումը, որքան նրա նախընտրական կարգախոսը՝ «Ասե՛ք, կանե՛նք»: ՔՊ-ում, կարծես թե, մոռացել են, որ 2018 թվականից ի վեր մշտապես արել են հակառակը այն ամենի, ինչ իրենց ասել է հանրությունը: Օրինակ՝ նրանց ձայն են տվել Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրները լուծելու համար, իսկ իրենց բերել են պատերազմ, կապիտուլյացիա և առաջնագիծ դարձած Վերին Շորժա ու Կապան: Նրանց ասել են կառուցել մետրոյի կայարան, լուծել աղբահանության խնդիրը՝ նրանք վերցրել են վարկեր, ավելացրել ՀՀ պետական պարտքը և մինչ օրս էլ հասարակությանը «կուտ» են տալիս և «էսօր-էգուց» անում: Նրանց ասել էին ներդրումներ բերել, բայց կապիտալ է, որ փախնում է Հայաստանից:
Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, սակայն ավելի լավ է նրանց ոչինչ չասենք, որպեսզի ոչինչ էլ չանեն: Եվ ավելի տրամաբանական կլիներ, որպեսզի ՔՊ-ն հանդես գար ոչ թե այս, այլ «Չասեիք՝ չանեինք» կարգախոսով: Ընդհանրապես, ՔՊ վարած քաղաքականությունից տպավորություն է ստեղծվում, որ այս կարգախոսը ուղղված է ոչ այնքան երևանցի ընտրողներին, որքան հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին: Նման կարգախոսով Բաքվում ջախջախիչ հաղթանակն ապահովված կլիներ:
Ընտրություններին մասնակից մյուս կուսակցությունները դեռևս իրենց նախընտրական կարգախոսները չեն ներկայացրել, դրանց կանդրադառնանք հրապարակվելուն պես: Արդարություն, վստահություն, ազատություն, խաղաղություն․ մեր կուսակցություններն ավելին չեն կարողացել առաջարկել իրենց ընտրազանգվածին, քան «սենտիմենտալ» խոստումներով կարգախոսները։ Կարգախոսները չափանիշ են և այս դեպքում այդ չափանիշները խոսում են հայ քաղաքական մտքի կրեատիվության ակնհայտ ճգնաժամի մասին: