Երևանի ավագանու ընտրություններին հաշված շաբաթներ են մնացել և ուշագրավ է, որ իշխող քաղաքական ուժի քաղաքապետի թեկնածուն՝ փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող, սակայն, դե ֆակտո քաղաքապետարանի կուռացիան ստանձնած Տիգրան Ավինյանը քարոզչական շեշտը դնում է այն բանի վրա, որ ինքը մի քանի ամիս փոխքաղաքապետ աշխատելով ավելի շատ գործ է հասցրել անել, քան իր նախորդները՝ Հայկ Մարությանը և Հրաչյա Սարգսյանը միասին վերցրած:

Այդպե՞ս է դա իրականում, թե ոչ: Նայենք փաստերին: Ավինյանի գլուխ գովալու գլխավոր առիթը՝ Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխումը, սկսվեց 2019-ին, երբ քաղաքապետ էր Հայկ Մարությանը, նոր ավտոբուսների ձեռքբերման շուրջ բանակցությունները միջազգային կրեդիտորների և չինական ընկերության հետ վարել է Հրաչյա Սարգսյանը: Մինչդեռ այսօր դրանց ձեռքբերումը քարոզչական տարբեր հնարքներով փորձում են վերագրել Ավինյանին և իր թիմին։

Ավինյանի և իր մտերիմ շրջապատի հաջորդ փիառ-թեման Երևանյան շենքերում վերելակների փոփոխության ծրագիրն է, որի ավարտի մասին վերջիններս պատեհ և անպատեհ առիթներով թմբկահարում են: Սակայն, այս ծրագրի 80 տոկոսը կյանքի է կոչվել Հայկ Մարությանի ղեկավարման շրջանում, և այսօր Ավինյանը պարզապես ավարտին է հասցնում սկսված ծրագիրը; Ի դեպ, դա անում է բավական անորակ, գրեթե ամեն օր լուրեր են տարածվում վթարված վերելակների մասին, հետևաբար՝ մահվան վերելակների ուրվականը դեռ շրջում է Երևանում:

Գործող փոխքաղաքապետի մյուս նոու-հաուն Կոնդի թաղամասի վերակառուցման ծրագիրն է: Սակայն, այս ծրագիրը ևս մեկնարկել էր 2020 թվականին՝ Հայկ Մարությանի ղեկավարման ընթացքում: Այդ ժամանակ կառավարություն-քաղաքապետարան համագործակցության արդյունքում մշակվեց ծրագիրը, անգամ բյուջեն ձևավորվեց, սակայն գործընթացը դանդաղեց պատերազմի և քովիդի հետևանքով: Այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի Ավինյանը քարոզչական արշավների ընթացքում այցելի Կոնդ և իրեն ներկայացնի իբրև կոնդեցիների փրկիչ, ում ձեռքերով էլ մշակվել է և ներդրվում է թաղամասի վերակառուցման ծրագիրը:

Գանք Աջափնյակի չարաբաստիկ մետրոյին: Դեռևս Հայկ Մարությանի քաղաքապետության տարիներին քաղաքային իշխանությունները սկզբում փորձել են մասնավորի ներգրավվել, որպեսզի այդ հոգսը չընկնի պետության վրա, սակայն տարբեր ընկերությունների առաջարկած պայմանները գնահատվել են ոչ այնքան բարենպաստ և որոշում է կայացվել, որ հենց պետությունը կառուցի նոր կայարանը։ Ծրագիրը գնահատվել է 35 միլիոն դոլար: Այս նախագիծն էլ, որի առնվազն նախագծա-հաշվարկային փուլն սկսվել և ավարտվել էր Մարությանի և Սարգսյանի ղեկավարման շրջանում, այսօր դարձել է Տիգրան Ավինյանի փիառի գլխավոր թեմաներից մեկը;

Անցնենք մանկապարտեզներին: Դիցուք՝ բարեկարգման ծրագրում ընդգրկված Երևանի թիվ 51 մանկապարտեզն Ավինյանի՝ Ավան կատարած շրջայցի առաջին հասցեն էր: Սակայն, այնպես էր ներկայացվել, կարծես թե այդ ծրագիրը մշակվել և կյանքի էր կոչվել հենց գործող փոխքաղաքապետի ձեռամբ: Իրականում դա այդպես չէ: Դեռևս 2020 թվականին Հայկ Մարությանն այցելել է վերանորոգվող մանկապարտեզներ, որոնց թվում էր նաև թիվ 51 մանկապարտեզը:

Կարևոր հիմնախնդիր է նաև Երևանի կանաչապատումը: Նախորդ տարվա ընթացքում Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են շուրջ 15 հեկտարով, իսկ այս տարի քաղաքապետարանը զբաղված էր կանաչ տարածքների դեմ վճռական պայքար մղելով, հաստաբուն ծառերն արմատախիլ անելով:

 

Եթե դիտարկենք վերը նշված փաստերը, որոնք, անշուշտ, բոլորը չեն և դրանք կարելի է անվերջ թվարկել, ապա հասկանալի է դառնում, որ Տիգրան Ավինյանի փորձը՝ ցույց տալու, թե իր աշխատանքի ՕԳԳ-ն տասնապատիկ անգամ ավել է իր նախորդների աշխատանքի ՕԳԳ-ից՝ պետք է ձախողված համարել: Ըստ էության, գործող փոխքաղաքապետը և իր թիմը Երևանի համար որևէ լուրջ պրոյեկտ չեն մշակել և չեն իրականացրել, նրանց աշխատանքը սահմանափակվում է միայն նախորդների ծրագրերը շարունակելով, շատ դեպքերում նաև տապալելով, քանի որ ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքային կառավարման ոլորտում աղաղակող ոչ կոմպետենտության հետ...