Շարունակում ենք գենդերային խնդիրներին նվիրված շարքը եւ ներկայացնում ենք հարցազրույց փաստաբան, ՀՀ փաստաբանական պալատի անդամ Թամարա Յայլոյանի հետ, ով գտնում է, որ հայ կնոջ հանդեպ հարկավոր է վերաբերմունքի փոփոխություն, որ հասարակությունը պետք է թույլ տա կնոջը՝ ակտիվ կյանք վարել՝ ներգրավված լինեն հասարակական, քաղաքական գործունեության մեջ։ Բացի այդ, շեշտում է, որ շատ կանայք ենթարկվում են բռնության: Ասում է՝ ուզում է նախ եւ առաջ բռնությունները պակասեին կնոջ նկատմամբ։

-Թե՛ ընտանեկան բռնություններ, թե՛ հասարակության կողմից՝ հոգեբանական բռնությունը։

-Ինչպիսի՞ բռնություն է գործադրում հասարակությունը հայ կնոջ հանդեպ։

-Հասարակությունը շատ խիստ է կնոջ և ավելի լոյալ է տղամարդու նկատմամբ։ Տղամարդը ինչ էլ որ անի, հասարակությունը պատրաստ է ներել նրան և կնոջն էլ է դրդում , որ պետք է միշտ ների տղամարդուն։ Օրինակ վերցնենք ընտանեկան դավաճանությունները, ասենք' կինը չի հանդուրժում ամուսնու դավաճանությունը և հեռանում է, հասարակությունը սկսում է դատապարտել կնոջը. «Թող դիմանար, էդ ու՞մ մարդը էդպես չէ որ, ելել' ընտանիք կքանդե»։ Օրինակ' շատ տղամարդիկ գնում են աշխատելու Ռուսաստանի Դաշնություն և բոլորս էլ գիտենք, որ այդ տղամարդիկ այնտեղ ունենում են կապեր ռուս աղջիկների հետ։ Երբեմն հաստատում են կապ մի ռուս կնոջ հետ ու տարիներով չեն վերադառնում։ Ու ասենք թե, նրա կինը Հայաստանում որոշում է հեռանալ ու դասավորել իր կյանքը։ Առաջինը, ով դատապարտում ու քարկոծում է այդ կնոջը, հենց կանայք են։ Այս կինը ուզում է սովորական երջանկություն, ունենալ լիարժեք ընտանիք, լինել սիրված, սակայն մյուսները նրան սկսում են հալածել 'տես, որ չկարողացավ սպասել։ Սպասե՞լ։ Նույնիսկ կան դեպքեր, երբ կինը տարիներ համբերատար սպասում է և մի քանի տարի անց ամուսինը զանգում ասում է ծնողներին'դրան հետ ուղարկեք, չեմ ուզում դրան, պարզվում է, որ արդեն ուրիշ կին ու երեխաներ ունի։ Օրինակ՝ 20 տարեկան հասակում աղջիկը ամուսնացել է, ունեցել է մի երեխա ու արդեն մի 10 տարի էլ ամուսինը Ռուսաստանում է, Նոր տարուց Նոր տարի է գալիս։ Այս աղջիկը այդպես ամբողջ կյանքը մնա՞ նրա ճանապարհին սպասող։ Ինչ՞ կարող է անել այդ երիտասարդ կինը։ Վերադառնալիս էլ շատերը բերում են հետները վեներական հիվանդությունների փունջ ու վարակում են իրենց մաքուր, տարիներ սպասող կանանց։ Սակայն, եթե կինը այդ ամենը գիտակցելով, որոշում է հեռանալ, նրան դատապարտում են, և ոչ մեկը չի դատապարտում ամուսնուն, ով ստիպում է երիտասարդ կնոջը անցկացնել կյանքը մենակության ու սպասման մեջ։

Այսինքն' հասարակությունը միշտ պատճառ է բռնում կնոջը։ Ինչ էլ պատահի ամուսինների միջև, միևնույն է՝ մեղավորը կինն է հասարակության աչքին։ «Հլը սրան նայի' աշխատանքի համար տուն կքնդե»,- իհարկե, ոչ մեկը չի ասում, որ պետք է տուն քանդել, սակայն ամեն դեպքում, եթե հասարակությունը իր վերաբերմունքը փոխի կնոջ հանդեպ, ամուսինն էլ վերաբերմունքը կփոխի իր կնոջ հանդեպ։ Օրինակ՝ եթե հասարակությունը դատապարտի տղամարդուն դավաճանության համար, տղամարդը կսկսի մտածել և էլ չի անի դա, բայց մարդիկ ասում են.« Հա դե, տղամարդ է, մի բանմ էլ արել է»,- բայց հանկարծ, ասենք, կինը, որ չի սիրում ամուսնուն և հանդիպում է տղամարդու, ով համապատասխանում է իր մտածելակերպին և սիրահարվում է, որոշում է հեռանալ ամուսնուց և ապրել այդ տղամարդու հետ, հասարակությունը քարերը առած ընկնում է այդ կնոջ հետևից։ Ես ընդունում եմ, որ հասարակությունը պետք է խիստ լինի հավատարմության հարցում. եթե ամուսնացել են և իրար հետ են ապրում, պետք է նաև հավատարիմ լինեն, սակայն ինչու հայկական հասարակությունը նույն չափանիշները չի սահմանում թե՛ կնոջ, և թե՛ տղամարդու հանդեպ։ Ըստ հայկական մենթալիտետ ասվածի' կինը ուրի՞շ արարած է, տղամարդը ուրի՞շ արարած։ Հասարակությունը պետք է վերանայի իր վերաբերմունքը կնոջ նկատմամբ։ Կինը պետք է դիտվի որպես հասարակության լիիրավ անդամ, նույնիսկ ավելին, նա առավել է արժանի ուշադրության և ավելի բարձր պետք է գնահատվի։ Ասում են' կինը թույլ էակ է, սակայն հայկական իրականության մեջ բոլոր հոգսերը բարդել ենք նրա վրա՝ երեխաների, տան, ընտանիքի, բարեկամների, հետո մի հատ էլ դատապարտում են, տեղը եկած ժամանակ էլ' հանում խարույկի վրա այրում են։ Էլ թույլ արարածը ուր՞ մնաց։ Այ այդպիսի հասարակություն է հայկական հասարակությունը։

-Հասարակություն ասելով' ու՞մ ի նկատի ունեք։

- Հայ տղամարդկանց ու կանանց, ովքեր ունեն ներքին պայմանավորվածություն։ Կնոջ աշխատելու, վարքագծի և այլ հարցերի շուրջ։ Օրինակ՝ եթե կան աշխատելու հետ կապված խնդիրներ։ Եթե կինը իր իրավունքների մասին է խոսում, ուզում է աշխատել, զբաղվել ինչ-որ գործով և նրան արգելում են ու նա ըմբոստանում է, հասարակությունը միանգամից դատապարտում է, թե եթե ամուսինը չի թողնում, էդ ինչպե՞ս է դեմ գնում։ Կամ եթե նա ծեծվում է ամուսնու կողմից և ևս չհանդուրժելով հեռանում է, նույնպես էլի կինն է մեղադրվում, թեպետ տվյալ դեպքում նա զոհ է։

Նաև հասարակությունը շատ խիստ է կանանց հանդեպ։ Նրանցից հատուկ ապրելակերպ է պահանջում։

- Ի՞նչ է նրանցից սպասվում։

-Մի կարծեք, որ մենք բարի ենք, բավականին դաժան հասարակություն է հայկական հասարակությունը։ Բաժանված կնոջից սպասվում է, որ նա պետք է մենակ կյանք վարի, եթե ունի երեխա, զբաղվի միայն իր երեխայով, այդ կնոջը չի տրվում հնարավարություն, որ մի գուցե նա կկարողանա իր կյանքը դասավորել, ունենալ ընկեր, հետո ամուսնանալ, երջանիկ լինել։ Ու ասեմ, որ առաջին հալածողները, բամբասողները հենց կանայք են։

-Այսինքն' կանայք ուզում են փոփոխություններ և հենց կանայք, հանդիսանալով հասարակության մի մաս, խանգարում են մյուս կնոջը փոխել կյանքը, իրականացնել հնարավորությունները։

-Այո´, ինչպես ես ասացի, հասարակությունը եկել է պայմանավորվածության կնոջ հանդեպ, որ նրան ուրիշ վերաբերմունք է ցույց տալու' այլ, քան տղամարդու հանդեպ։ Այդ հասարակության անդամ են նաև կանայք։ Գիտեք, եթե ամեն մի կին անկեղծ լինի ինքն իր հետ, հոգու խորքում նա էլ է ուզում ուրիշ վերաբերմունք, ուրիշ կյանք, սակայն հասարակության համաձայնությունից ելնելով ալտերնատիվ ապրելակերպի հանդեպ' այդ կանայք սկսում են առաջինը դատապարտել փոփոխությունների ձգտող կանանց, որ հավաստիացնեն հասարակությանը, որ այ նրանք այդպիսինը չեն, նրանք «պարկեշտ, ուրիշներին հաշվի դնող կանայք են»։ Դրա համար էլ դատապարտում են, որ հանկարծ նրանց էլ թարս չնայեն ու չհալածեն։

-Փաստորեն, իրենք ներքուստ փոփոխություններ ուզենալով հանդերձ, վախենում են հասարակությունից ։

-Այո´, որպեսզի իրենց մասին մի բան չխոսվի, որ չդառնան քննարկման թեմա, ուզում են համապատասխանել հասարակության կողմից սահմանված չափանիշներին։ Դրա համար էլ իրենք են առաջինը դատապարտում, որ իրենց չդատապարտեն, որ չընկնեն հալածանքների տակ։ Դա է հենց հասարակության ներքին պայմանավորվածությունը, որ շարունակվում է տարուց տարի։ Ու այդպիսի հոգեբանական բռնության է ենթարկվում հայ կինը ամեն օր։

Հարցազրույցը՝ Եվա Հարութի