ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են նոր ուսումնական տարում կրթական համակարգում ներդրված հիմնարար փոփոխությունների և ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը: Խորհրդում ներգրավված է ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների 22 աշակերտ:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ մեծ ակնկալիքներ ու սպասելիքներ ունի խորհրդից՝ արդյունավետ կարգավորումներ գտնելու առումով։

«Ձեզնից յուրաքանչյուրն ավելի մոտ է դպրոցին ու առաջինն է տեսնում խնդիրները: Կրթության ոլորտն այժմ բարեփոխումների փուլում է գտնվում, և ձեզնից ամեն մեկի կարծիքը մեզ համար կարևոր է, որպեսզի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները լինեն առավել արդյունավետ և հասանելի: Այս գործընթացում մենք ակնկալում ենք, որ դուք անաչառորեն կբարձրաձայնեք դպրոցի ներսում առկա խնդիրները, կներկայացնեք ձեր տեսակետները, կառաջարկեք լուծման տարբերակներ»,- դիմելով մասնակիցներին՝ ասել է նա։

Նախարարի տեղակալը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ այս տարի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որը հիմնված է կարողունակությունների զարգացման վրա՝ ամեն կրթական աստիճանի համար սահմանելով հստակ վերջնարդյունքներ։ Նա նաև ավելացրել է, որ չափորոշչով նախատեսվում է բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, իսկ ուսումնական գործընթացը դարձնել առավել արդյունավետ՝ հրաժարվելով անբավարար գնահատման շեմից և կրտսեր դպրոցում միավորային գնահատումը փոխարինելով ոչ միավորային և ձևավորող գնահատմամբ, վերանայելով ուսումնական պլանները:

«Չափորոշչով սահմանվում է ԲՏՃՄ առարկաների ուսուցման որակի էական աճ: Պարտադիր են դառնում նախագծային ուսուցումը, մասնագիտական կողմնորոշման ակումբները, առողջ ապրելակերպի խմբակները։ Այս մոտեցումների հիման վրա սահմանվել են առարկայական նոր ծրագրերն ու չափորոշիչները, որոնք անցած տարի արդեն փորձարկվել են Տավուշի մարզի 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում: Անցկացվել են ուսուցիչների վերապատրաստումներ, մշակվել ուսումնական նյութեր, տպագրվել դասագրքեր»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ մինչև 2026 թ. կիրագործվի 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրը:

Աշակերտական խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել նախարարի տեղակալին՝ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ կարևոր հարցեր քննարկելու, ինչպես նաև իրենց տեսակետները և կարծիքներները հաշվի առնելու համար:

Նրանք մի շարք հարցեր են ուղղել Արաքսիա Սվաջյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են 12-ամյա կրթության առավելություններին ու թերություններին, մասնագիտական կողմնորոշմանը, օլիմպիադաների կազմակերպմանը, հավասար պայմանների սահմանմանը, կրեդիտային համակարգի ներդրմանը, բուհական ընդունելության կարգին, «Ֆիզիկական կուլտուրա» և ՆԶՊ առարկաների դասավանդման արդյունավետությանը, դպրոցների մարզադահլիճների վերանորոգմանն ու վերակառուցմանը և այլն: Նախարարի տեղակալն անդրադարձել է բարձրացված բոլոր հարցերին և խնդիրներին՝ շեշտելով, որ դրանց մի մասի պատասխաններն ու լուծումները տրվում են դպրոցներում նոր չափորոշչի ներդրմամբ:

Հանրակրթության ոլորտի նորություններից փոխնախարարն առանձնացրել է նաև մարզառազմական ճամբարի ծրագիրը, որի ընթացքում 11-րդ դասարանցիները գործնական գիտելիքներ և հմտություններ են ստանում «Նախնական զինվորական պատրաստականություն› առարկայից։ Հանրակրթության նոր չափորոշչով՝ մարզառազմական ճամբարը պարտադիր է լինելու՝ իբրև այս առարկայի գործնական բաղադրիչ:

Նիստի ավարտին նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել կառուցողական քննարկման համար, հորդորել ակտիվ լինել կրթության ոլորտի բարեփոխումներին առնչվող գործընթացներում՝ ընդգծելով, որ այսօրինակ հանդիպումները շարունակական են լինելու:

Նշենք նաև, որ հանդիպմանը ներկա են եղել շահագրգիռ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ նպաստելու խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Այս առումով կարևորվել է տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը, որոնք միտված են օգնելու աշակերտներին մասնագիտական կողմնորոշման, նոր հմտությունների և կարողությունների ձեռք բերման և այլ հարցերում: