ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, համակարգչի միջոցով առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և փողերի լվացում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ՝ քննությամբ դեռս չպարզված անձինք, նախնական համաձայնությամբ, 2021 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին Արաբական Միացյալ Էմիրություններում գործող 5, Կատարում գործող 3 բանկերի, ֆինանսական ծառայություններ տրամադրող ավստրալական ընկերության և 1 բանկի թողարկած բանկային քարտերի շահառուներից համակարգչի միջոցով հափշտակել են 190.729.061 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ։

Ապա հայաստանյան բանկերից մեկի կողմից սպասարկվող համակարգով, 306 միջազգային գործարքներով՝ փոխանցումներով, այդ գումարը, Երևան քաղաքի 33-ամյա բնակչի գիտությամբ և համաձայնությամբ, ուղղվել է ՀՀ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի հարկերի միասնական հաշվին՝ հօգուտ Հայաստանում գործող թվով 8 անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության: Քննությամբ պարզվել է, որ նշված ԱՁ-ներից մեկը և ՍՊ ընկերությունը պատկանում է նույն 33-ամյա տղամարդուն:

Հափշտակված վերոհիշյալ գումարից առանձնապես խոշոր չափերով' ընդհանուր 59.259.823 ՀՀ դրամը, ՀՀ-ում գործող նշված բանկի կողմից վերադարձվել է արտասահմանյան բանկերի քարտապաններին՝ վերջիններիս բողոքների և որպես կասկածելի գործարքներ համարվելու պատճառով։ Սակայն մնացած 131.469.238 ՀՀ դրամը բանկի կողմից սպասարկվող' ՀՀ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով տարբեր մասնաբաժիններով փոխանցվել է տվյալ վճարային համակարգում գործող հարկերի միասնական հաշվին' ի օգուտ անհատ ձեռնարկատեր 33-ամյա տղամարդու և նրա հետ փոխկապակցված 5 անհատ ձեռնարկատերերին՝ իբրև վերջիններիս հարկային պարտավորությունների մարմանն ուղղված գումար։ Դա այն դեպքում, երբ նշված կազմակերպությունները կամ հարկային պարտավարություններ չեն ունեցել, կամ ունեցել են չնչին հարկային պարտավորություններ:

Այնուհետև, 33-ամյա երիտասարդը, փաստացի տիրապետելով անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության դրամական շրջանառություն իրականացնելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերին և տեղեկատվությանը, հափշտակված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, հարկային պարտավորությունների գերավճար գումարները հետ ստանալու վերաբերյալ անհատ ձեռնարկատերերի անունից ՀՀ ՊԵԿ-ին ներկայացրել է էլեկտրոնային դիմումներ և փաստացի հետ է ստացել 115.651.800 ՀՀ դրամը։ Այսինքն' օրինական շրջանառության մեջ դնելով ու օրինական տեսք հաղորդելով՝ տնօրինել է հանցավոր ծագում ունեցող նշված գումարը:

2023 թվականի օգոստոսի 29-ին հսկող դատախազի կողմից բավարարվել է 33-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին քննիչի միջնորդությունը, և ձեռք բերված փաստերի հիման վրա վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում, դատարանի որոշմամբ, փոխարինվել է գրավով՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով:

33-ամյա երտասարդի կողմից փողերի լվացման վերաբերյալ ավելի վաղ առանձանցված վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

33-ամյա երիտասարդի, նրան փոխկապակցված ԱՁ-ների շարժական և անշարժ գույքերի վրա դրվել է կալանք։

ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելը) քննվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում' արտասահմանյան բանկերից տեխնոլոգիաների կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու ուղությամբ։