Ըստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ վերջիններս փորձ են կատարել Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով, Լեռնային Ղարաբաղից տարհանել կանանց և երեխաներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Այս փաստերը գալիս են հաստատելու, որ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ ունեն ավարտին հասցնելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաև ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն էթնիկ ծագման հիմքով թիրախավորող, ատելություն և բռնություն քարոզող և արդարացնող մեծաքանակ գրառումներ։

Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի ագրեսիան կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Պաշտպանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին և անհապաղ միջոցներ ձեռնարկել զանգվածային ոճրագործությունները դադարեցնելու ուղղությամբ։