«Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.

«Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, իրական ողբերգություն է.

Տասնյակ հազար խաղաղ բնակիչներ բռնի տեղահանված են իրենց տներից, բնակավայրերից շուրջ 9 ամիս շրջափակումից հետո և սովամահության պարտադրված լինելով:

Մարդիկ մոլորված վիճակում են, չեն կարողանում գտնել իրենց երեխաներին, ծնողներին, հարազատներին, չգիտեն ողջ են, թե՞ նրանց սպանել են ադրբեջանական զինվորականները: Քաղաքների ու գյուղերի միջև կապերը կտրված են, ճանապարհները չեն գործում:

Արցախի բնակչությունը, լինելով հյուծված, զրկված ողջ ունեցվածքից, տներից, չունենալով կապ, էլեկտրաէներգիա, գազ, ստիպված է գիշերել փողոցներում, նկուղներում կրակոցների տակ:

Ադրբեջանական զինված ծառայողները սպանել ու վիրավորում են պատճառել նաև կանանց, երեխաների ու տարեցների: Այսօր վաղ առավոտից Ստեփանակերտում չեն դադարում կրակոցները:

Այս ամենը 9 ամիս շրջափակումից հետո այլ կերպ, քան 120,000 էթնիկ հայերի ցեղասպանություն, հնարավոր էլ չէ նկարագրել: Սա ադրբեջանական իշխանության մտադրված քաղաքականությունն է, հանցավոր արարքների միասնական շղթան»։