ԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է անդրադառնալ այն պաշտոնյաներին և գործարարներին, ովքեր երկար տարի զբաղեցրել են պետական կարևորագույն պաշտոններ, հարստություն և բիզնես են դիզել՝ Հայաստանի և Արցախի անունը հոլովելով, իսկ այսօր, երբ Արցախում տեղի է ունենում անթաքույց ցեղասպանություն, լռում են և նախընտրում են մնալ ստվերում:

Այսօր կանդրադառնանք երկար տարիներ Տավուշի մարզը ղեկավարած Հովիկ Աբովյանին: Մինչ այդ էլ Աբովյանը 2007-2009 թթ. եղել է յուղոտ պաշտոնի՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետ, 2009-2014 թթ.՝ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ։ Իսկ ավելի վաղ՝ 1993-1994.-ին, ՀՀ հարկային պետական տեսչության Նոյեմբերյանի հարկային տեսչության տեսուչ։  Այն Տավուշի, որից Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այսպես կոչված՝ անկլավներ նվիրել ադրբեջանական կողմին: Ժամանակին ամեն հարցազրույց տալուց Հովիկ Աբովյանը հայտարարում էր, որ Տավուշի մարզի զարգացման համար ջանք ու եռանդ չի խնայում, այդպիսի բուռն աշխատասիրության համար էլ թերևս պարգևատրվել էր Ֆրիտյոֆ Նանսենի անվան հուշամեդալով և պատվոգրով: 

Պաշտոնն օգնեց վերջինիս նաև բավական լուրջ եկամուտներ դիզել: Աբովյանը 2009-ին կնոջ՝ Աննա Ազատյանի հետ դարձել էր չեխական «EXABELLO» ՍՊԸ-ի սեփականատեր եւ այն վերանվանել «ZIKATAR»: Ամուսինները գրանցվել են նաեւ ընկերության տնօրեններ, ինչի իրավունքն Աբովյանը չուներ, քանի որ այդ ժամանակ մաքսային ծառայող էր, իսկ նման ծառայողներին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրությամբ: Մինչ օրս Հ. Աբովյանը գրանցված է որպես տնօրեն, բայց 2014-ից հետո էլ դրա իրավունքը չուներ, քանի որ մարզպետը հանրային ծառայող է, ում արգելվում է զբաղվել ձեռնարկատիրությամբ: Մարզպետի համեստ աշխատավարձով ապրած Աբովյանը հայտարարագրել է նաև երեք թանկարժեք մարդատար տրանսպորտային միջոց՝ MERCEDES-BENZ SL 55 AMG,  TOYOTA LAND CRUISER 100 4.5 I,  LEXUS LX 5.7GAS։ Նա նաև արժեթղթերի տեսքով ներդրումներ ունի։ Մասնավորապես (Array)   102000.00 չեխական կրոն  և 50000.00 ՀՀ դրամ։ Աբովյանի դրամական միջոցները 2018-ին, պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ, կազմել են 8 մլն 600 հազար դրամ և 14 հազար 500 դլար։ Որպես եկամուտ նախկին մարզպետը հայտարարագրել է  աշխատավարձը՝  3 մլն 932 հազար 369 դրամ, և ստացած փոխառությունը՝ 2 մլն 145 հազար դոլար։

Այսօր, երբ իր կողմից տարիներ շարունակ ղեկավարված մարզը դարձել է սահմանամերձ, երբ առկա են բազմաթիվ սոցիալական և անվտանգային խնդիրներ արդեն ոչ միայն Արցախում՝ Աբովյանի կողմից գեթ մեկ մեկնաբանություն կամ գնահատական էլ չենք լսում: Մինչդեռ տրամաբանական կլիներ, որ հենց այն մարդիկ, ովքեր իրենց ասելով ջանք ու եռանդ չեն խնայել մարզի զարգացման համար, կամ ինչպես ասում են՝ երկրի համար որոշակի բան ունեն արած՝ առաջինը բողոքի ձայն բարձրացնեին, կամ առնվազն օգնության ձեռք մեկնեին իրենց մարզի և Արցախից այնտեղ գաղթած իրենց հայրենակիցներին: Աբովյանի ձեռքը, ինչպես տեսանք, քարի տակ չէ, մնում է մեկ բացատրություն՝ ցանկության պակասը...

Շարունակելի...