ԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է անդրադառնալ այն պաշտոնյաներին և գործարարներին, ովքեր երկար տարի զբաղեցրել են պետական կարևորագույն պաշտոններ, հարստություն և բիզնես են դիզել՝ Հայաստանի և Արցախի անունը հոլովելով, իսկ այսօր, երբ Արցախում տեղի է ունենում անթաքույց ցեղասպանություն, լռում են և նախընտրում են մնալ ստվերում:

Այսօր կանդրադառնանք ԱԳՆ նախկին նախարար Արա Այվազյանին, ով հրաժարական ներկայացնելուց հետո բավական ոչ երկիմաստ ձևով ակնարկեց, որ Փաշինյանն ու նրա թիմը պետական և ազգային շահերին հակասող քաղաքականություն են իրականացնում: Սակայն, այդ հայտարարություններից հետո Այվազյանի բողոքի ձայնը մարել է:

Այվազյանը, զբաղեցնելով ԱԳՆ նախարարի պաշտոնը, հայտարարում էր, որ բանակցային գործընթացը գնում էր հետևյալ սկզբունքներով՝ ուժի սպառնալիքի չկիրառման, ինչպես նաև տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակներում։ Այսինքն` ամբողջ գործընթացը միտված էր նրան, որ, ի վերջո, ճանաչվեր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

2021 թվականի փետրվարին Այվազյանը հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է: Այս իրավունքը չի կարող բռնի ուժով ճնշվել կամ սառեցվել: Հայաստանը հանդես է եկել և կշարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքները ճանաչելու դիքերից: Ոչ մի կարգավիճակում և ոչ մի պայմաններում Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: Վերջին ագրեսիան ևս մեկ անգամ հաստատեց, որ Արցախը որպես Ադրբեջանի մաս, կնշանակի առանց հայերի Արցախ:

Մինչ իր հրաժարականը, Այվազյանը ԱԺ ամբիոնից փաստացի ուղիղ հակադարձեց Փաշինյանին` նշելով, որ «Անկախ այն հանգամանքից՝ ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնելու պնդումներին, թե Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն»:



Հրաժարականից հետո Այվազյանը մեկ անգամ երևացել է Հանրապետության հրապարակում, նա մասնակցում էր ընդդիմության կազմակերպած հանրահավաքին և նրա հիմնական մեսիջը այն էր, որ ժողովրդի պահանջը պետք է լսելի լինի ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրսում:

Այսօր, երբ Արցախը վերջնականապես հանձնվել է Ադրբեջանին, երբ հասարակական-քաղաքական տարբեր ուժեր հնչեցնում են իրենց հստակ քաղաքական կամ առնվազն քաղաքացիական դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ԱԳՆ նախկին նախարարը, ում կատարած ողջ աշխատանքը փաստացի ջուրն են թափել, լռում է և մնում ստվերում:

Շարունակելի....