Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը սխալ որոշում է, Հայաստանի ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ծագել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին:
«Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հետ, որն այս քայլը հիմնավորել է երկրի անվտանգության կարիքներով: Չէինք ցանկանա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից: Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բարեկամ պետություն, գործընկեր: Իհարկե, մենք շատ ընդհանրություններ ունենք եղբայրական հայ ժողովրդի հետ։ Մենք չենք կասկածում, որ այդ ընդհանրությունները միավորելու են հավերժ։ Իհարկե Հայաստանի ներկայիս ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ծագել, դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին: Մենք ի սկզբանե կասկածել և կասկածում ենք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին ճիշտ է, մենք դեռ կարծում ենք, որ դա սխալ որոշում է»,- ասել է Պեսկովը։