ԵԽԽՎ Արցախի վերաբերյալ բանաձեւը եւ հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետեւանքներին եւ մարդու իրավունքներին՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման հետ, եւ լուսաբանում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների եւ անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 12-ին ընդունել է «Հումանիտար իրավիճակն Արցախում» բանաձեւը եւ համանուն հանձնարարականը։
Բանաձեւում դատապարտվում են Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններն Արցախի դեմ։
ԵԽԽՎ-ն հայտարարում է, որ Արցախի գրեթե ողջ բնակչությունը հեռացել է հայրենիքից ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի եւ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության պատճառով։
Վեհաժողովն արձանագրել է, որ գոյություն ունեն էթնիկ զտումների հիմնավորված կասկածներ, եւ նշել է, որ էթնիկ զտման իրականացումը՝ որպես ռազմական հանցագործություն կամ հանցագործություն մարդկության դեմ, կարող է անհատական քրեական պատասխանատվության հանգեցնել։