ԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է անդրադառնալ այն պաշտոնյաներին և գործարարներին, ովքեր երկար տարի զբաղեցրել են պետական և ռազմական պաշտոններ, Արցախի և Հայաստանի անունը հոլովելով բիզնես են դիզել, իսկ այսօր, երբ Արցախը գրեթե կորսված է, իսկ Հայաստանը գտնվում է լրջագույն վտանգների առջև, նրանք նախընտրում են լռել, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել:
Այսօր կանդրադառնանք Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանին: Նա գնդապետ է եւ երկար տարիներ Իջեւանի զինվորական կոմիսարն էր։ Ի տարբերություն իր գործընկերների, դիցուք՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի, ով պատերազմից և ԳՇ հայտնի հայտարարությունից հետո նշեց, որ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այդ ամենը չի կարող հանդուրժել եւ ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել եւս սեփական երկրի իշխանության կողմից, հետեւաբար իր դիմումի համաձայն հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից եւ միանում է ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը, Հովակիմյանը լռում է և պաշտոնին հրաժեշտ տալու որևէ ցանկություն և մտաադրություն նրա մոտ չի նկատվում:
2014 թվականին Հովակիմյանը Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում կայացած հանդիպում-քննարկման ժամանակ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների վերաբերյալ ելույթներով էր հանդես գալիս: 2015-ին արդեն հայրենասիրական ելույթներ էր ունենում Կիրանց գյուղում ազատամարտիկների հիշատակին բացված հուշակողոթողի մոտ: Արդյո՞ք այսօր, երբ փաստացի սեղանին է դրված Տավուշի ութ գյուղերի հանձնման հարցը, երբ այսպես կոչված՝ անկլավների հանձնման հարցն է քննարկվում, կոչումով գնդապետ փոխմարզպետը, ով ողջ կյանքը նվիրել է ՀՀ Զինված ուժերին, լուրջ ճանապարհ է անցել, ոչինչ չունի ասելու: Ստացվում է, որ բոլոր հայրենասիրական ելույթները կարելի է մոռացության մատնել, եթե հասնում ես այդքան բաղձալի քաղաքական պաշտոնին, ինչն էլ եղավ Արթուր Հովակիմյանի հետ հեղափոխությունից հետո։ Եվ միայն դրանով կարելի է բացատրել մարզպետի տեղակալի լռությունը մի իրավիճակում, երբ իր ղեկավարած մարզն իր քաղաքական թիմի ապաշնորհ քաղաքականության արդյունքում դարձել է թշնամու գլխավոր թիրախներից մեկը;
Շարունակելի...