ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Հայաստա՞ն, թե՞ էրմենիստան, սա է խնդիրը։ Հայաստանում մեկնարկել է «գունավոր հեղափոխության» վերջին փուլը, որը, անշուշտ, ունի արտաքին ակտորներ ու հովանավորներ։ Պատմությունը կրկնվում է։
Ինչպես եւ 100 տարի առաջ, այսօր էլ մենք չկարողացանք աշխարհաքաղաքական իրադրության հայանպաստ վերլուծություն անել։ 100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի վրա՝ չգիտակցելով, որ տարածաշրջանում երկու բանակ կա ՝ ռուսական եւ թուրքական։ Եվ մերժելով Ռուսաստանի հետ սերտ դաշինքի կնքումը՝ կանաչ լույս» վառեցինք թուրքական հարձակման ու նվաճումների համար։
Մեկ դար առաջ թուրք-ադրբեջանական տանդեմը,օգտվելով հայ-ռուսական բարդ հարաբերությունների առկայությունից, նվաճեց տարածքներ մեր ազգային շահերի հաշվին։ Նույնը կրկնվում է այսօր։ Կապիտուլյանտ իշխանությունը վերջին տարիներին ամեն ինչ արեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնելու համար։ Դրանից օգտվեցին թուրքերը, որոնք Փաշինյանին պարտադրում են իրենց կամքը։ Իսկ վերջինս դա հոժարակամ իրականացնում է՝ Հայաստանը դարձնելով թուրք-նատօական ֆորպոստ։
Ի՞նչ լուծման ուղիներ ունենք մենք։ Կամ այս իշխանությունները պետք է հեռանան և ազգային իշխանությունը Ռուսաստանի եւ Իրանի հետ երկարաժամկետ ռազմաքաղաքական դաշնակցություն է կնքում, կամ կապիտուլյանտները մնում են ու տարածաշրջանի «բանալիները» հանձնում Թուրքիային եւ ՆԱՏՕ-ին։
Պատրանք է, թե Արեւմուտքը կգա մեզ «կփրկի»։ Կարծում եմ, ինչպես եւ Վրաստանի դեպքում Արեւմուտքը Հայատանը «նայողի» մանդատը կհանձնի թուրքերին։ Հայաստանը պետք է գնա ոչ թե դեպի Թուրքիա ու ՆԱՏՕ, այլ զարգացնի հարաբերություններն իր բնական դաշնակիցներ ՌԴ-ի եւ Իրանի հետ»։