ԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է անդրադառնալ այն պաշտոնյաներին և գործարարներին, ովքեր երկար տարի զբաղեցրել են պետական և ռազմական պաշտոններ, Արցախի և Հայաստանի անունը հոլովելով բիզնես են դիզել, իսկ այսօր, երբ Արցախը գրեթե կորսված է, իսկ Հայաստանը գտնվում է լրջագույն վտանգների առջև, նրանք նախընտրում են լռել, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել:
Այսօր կանդրադառնանք Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին, ով մինչ հեղափոխությունը քաղաքականությամբ չի զբաղվել, փաստաբան էր: Ահա նրա կենսագրությունից որոշ ուշագրավ դրվագներ. 2011- 2016թթ. - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` որպես իրավաբան-խորհրդատու, 2012-2019թթ. - փաստաբանական գործունեություն, 2014թ. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի` որպես քաղաքացիական իրավունք առարկայի դասախոս, 2015թ. Ա/Ձ Իշխան Անտոնյան` որպես իրավախորհրդատու, փաստաբան (համատեղությամբ), 2017-2018թթ. - ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան (հանրային պաշտպան), 2019թ. հոկտեմբերի 31-ին նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ: Գրիգորյանը նաև այն եզակի պաշտոնյաներից է, ով ծառայել է բանակում: Մասնավորապես, 2003-2005 թթ. նա ծառայել է ՀՀ-ում ռուսական սահմանապահ զորքերում, զինվորական կոչումը՝ ավագ հրաձիգ, եֆրեյտոր:
Գրիգորյանը իրեն մշտապես դիրքավորել է իբրև պետության անվտանգության համար մտահոգվող պաշտոնյա, մասնակցել է արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների բացմանը: Օրինակ՝ Ջերմուկում Արցախյան պատերազմներում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը: Մարզպետը անգամ ԳՇ պետի հայտարարությունն էր կասկածի տակ առնում: Այսպես, օրինակ, Գրիգորյանը հայտարարել էր, թե, իրենց տեղեկություններով, ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում. «Մեր տեղեկություններով՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել, բայց ԳՇ-ն ավելի լավ է տիրապետում, որովհետև իրենք բոլոր հնարավոր միջոցներն ունեն՝ հետախուզական, և այլն։ Եթե ԳՇ-ն ասել է գնացել են... ամեն դեպքում, մենք տեսնում ենք, Ջերմուկից հնարավոր է տեսնել», - ասել էր Վայոց ձորի մարզպետը։ Հիշեցնենք, որ ԳՇ-ից էլ հայտարարել էին, որ ադրբեջանցիները լքել են Ջերմուկի մատույցները:
Սակայն, այսօր, երբ Արցախը փաստացի կորսված է, իսկ հենց իր՝ Գրիգորյանի ղեկավարած մարզի հանդեպ թշնամին ունի բացահայտ, անթաքույց հավակնություններ, մարզպետը լռում է և չի ցանկանում անգամ գնահատական տալ ստեղծված իրավիճակին: Ի վերջո, այդ իրավիճակի գլխավոր պատասխանատուն հենց իր քաղաքական թիմն է, արդյո՞ք Գրիգորյանը, ով ըստ էության քայլած հեղափոխական չէ, փաստաբան է, ով իր կարիերայի ընթացքում պաշտպանել է օրենքի տառն ու ոգին, ոչինչ չունի ասելու Հայաստանի և մասնավորապես՝ իր մարզի գլխին կախված դամոկլան սրի վերաբերյալ, թե ամեն դեպքում պաշտոնը Հայաստանում կաշկանդող երևույթ է, հատկապես երբ խոսք է գնում իրականությանը պատշաճ գնահատականներ տալու մասին:
Շարունակելի...