ԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է անդրադառնալ այն պաշտոնյաներին և գործարարներին, ովքեր երկար տարի զբաղեցրել են պետական և ռազմական պաշտոններ, Արցախի և Հայաստանի անունը հոլովելով բիզնես են դիզել, իսկ այսօր, երբ Արցախը գրեթե կորսված է, իսկ Հայաստանը գտնվում է լրջագույն վտանգների առջև, նրանք նախընտրում են լռել, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել:
Այսօր կանդրադառնանք Վայոց Ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին, ով 2017-ին որպես ՀՀԿ-ական ընտրվել էր համայնքապետ։ Դրանից առաջ էլ նա Քարագլուխ համայնքում է տարիներ շարունակ պաշտոնավարել։ Ստեփանյանը վայելում է հայտնի քարագլխեցի պաշտոնաթող գեներալ Հովոյի հովանավորությունը: 2017-ի ընտրություններից հետո մեկ տարի շարունակ խոշորացված համայնքի բնակիչները բողոքի ցույցեր էին անում՝ Ստեփանյանի հրաժարականի պահանջով: Համագյուղացիները 2018-ին նրա դեմ բողոքի ակցիա էին անում՝ առանց թույլտվության ՀԷԿ կառուցելու համար, եւ գյուղը ողողվել էր «Արթուր՝ հեռացիր» գրառումներով։
Սակայն, այս տեղեկությունները բնավ էլ ամենաուշագրավը չեն: Կարևոր է նշել, որ Ստեփանյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում ծավալված ռազմական գործողություններին։ Ունի «Արցախյան Ազատամարտի» վետերանի կոչում։ Պարգևատրվել է «Մայրական երախտագիտության» մեդալով (Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայությունների համար), ինչպես նաև՝ ՀՀ ՊՆ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով:
Այսքանով հանդերձ Արթուր Ստեփանյանը, ով փաստացի մասնակցել է արցախյան ազատագրական պայքարին, որևէ գնահատկան չի շտապում տալ գործող իշխանությունների վարած քաղաքականությանը, որի արդյունքում կորցրել ենք ոչ միայն Արցախը, այլ անմիջական վտանգի առջև են նաև ՀՀ սահմանները, այդ թվում՝ Վայոց Ձորի մարզը: Արդյոք երկար տարիներ կյանքը պետական կառավարմանն նվիրած, փաստացի այս երկրի համար գործ արած պաշտոնյան այսօր ոչինչ չունի ասելու, երբ այն քաղաքական թիմը, որի կազմում վերջինս համայնքապետ է ընտրվել, հանձնում է իր ջանքերով ազատագրված հողը: Արդյոք պաշտոնն ավելի թանկ է, քան հայրենիքն ու ժամանակին դավանած սկզբունքները: Տվյալ պարագայում հարցն, անշուշտ, հռետորական է: