«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, թե 2023 թվականին տարածքային բաժինները Հայաստանից ստացված ծաղկի և մրգային և բանջարեղենի արտադրանքներում հայտնաբերել են կարանտինային վնասատուների 72 դեպք։ Դրանց թվում են վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպքերը։ Բացի այդ, ծառայությունը նշում է, թե նոյեմբերին հայտնաբերվել է Հայաստանից ստացված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափը գերազանցելու 5 դեպք։
Սա իբրև թե վկայում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազման մասին և վտանգ է ներկայացնում Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության համար։
Բոլոր խախտումների մասին «Ռոսսելխոզնադզորը» «տեղյակ է պահել» Հայաստանի իրավասու գործակալությանը, սակայն ծառայությունը դեռևս տեղեկություն չի ստացել կատարված ուսումնասիրությունների մասին։
«Ռոսսելխոզնադզորի» կայքում ասվում է, թե պաշտոնական նամակ են հղել Հայաստանին՝ խնդրելով անհապաղ ձեռնարկել համապարփակ միջոցներ՝ կանխելու աղտոտված արտադրանքի առաքումները Ռուսաստան և տեղյակ պահելու ՌԴ գերատեսչությանը այս ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։
Հայտարարության մեջ ասվում է, թե սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման և մաքսազերծման կանոնները չեն փոխվել։