Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «ՌԵՎԻՎԱԼ» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Գ.Է.-ի նկատմամբ՝ ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալու պայմաններում, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրի 3-րդ հասցեում գտնվող հողատարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար:

Քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Է.-ն, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի պահանջը, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ մոտ 3000 խմ ծավալով օգտակար հանածո (ավազ):

Գ.Է.-ն, արդյունահանված ավազի 1 խմ-ն 9000 դրամով, իսկ ընդհանուրը՝ 27 մլն դրամով, ընկերության աշխատակից Ա.Մ.-ի միջոցով, իրացրել է տարբեր անձանց՝ չվճարելով 500 հազար դրամ պետական տուրքն ու ընդերքն օգտագործելու նպատակով թույլտվության համար նախատեսված 5 մլն դրամը: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):