«Սիթի բայք»-ի նախկին մենեջեր Ջուլիետա Մարտիրոսյանը մեզ հարցազրույց է տվել և իրենց գործունեության մասին բացահայտումներ արել։

 

Հիշեցնենք, որ «Հետք»-ը գրել էր «Սիթի բայք» ներդրումային ծրագրով աշխատող կայքի մասին։ Պարզել էինք, որ կայքը ներկայանում է ամերիկյան հայտնի Citi bike հեծանիվների վարձակալությամբ զբաղվող ընկերության անունից, սակայն որևէ կապ չունի դրա հետ։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ կայքը փակվել է, իսկ մարդիկ՝ կորցրել իրենց ներդրած գումարները։

 

«Հետք»-ի՝ «Սիթի բայք»-ի մասին հոդվածի հիման վրա Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Բացի այդ, ոստիկանությունը երեկ հաղորդեց, որ ֆինանսական բուրգում ներգրավված ոստիկան Ժորա Մոսինյանի վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար։ 

 

Ջուլիետան փորձում էր մեզ համոզել, որ Ժորա Մոսինյանը որևէ կապ չունի ներդրումային կայքի հետ, և որ նրա մոր անվամբ գրանցված «Քաղաքային հեծանիվներ» ՍՊ ընկերությունը զբաղվելու էր հեծանիվների վարձակալությամբ։

 

Ռիսկային ներդրում. ինչպե՞ս է «Սիթի բայք»-ը ներգրավել տասնյակ հազարավոր քաղաքացիների, և ովքե՞ր են ծրագրի հետևում

 
 

Մեր այն դիտարկմանը, որ Ժորա Մոսինյանի անունը կայքում նշված է եղել նաև որպես գումարի ստացող` Ջուլիետան ասաց, որ չգիտի՝ խոսքը նույն Ժորայի մասին է, թե ոչ։ Բացի այդ, ըստ Ջուլիետայի՝ կայքի գումարները ստացողները «միջնորդներ» են եղել։ Նա նույնպես սկզբնական շրջանում եղել է այդ միջնորդներից մեկը։ Ըստ նրա՝ «միջնորդը» ստանում էր ներդրված գումարները, և եթե մարդիկ ցանկանում էին կանխիկացնել, իրենք փոխանցում էին կատարում։ 

«Սիթի բայք»-ի վերադասներից մեկի՝ Ագաթայի խումբը, Ջուլիետան փոխել է իր անունով։ Այդտեղ քննարկումներ են «Սիթի բայք»-ի, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում՝ Ջուլիետան նշեց, որ դրանք ֆինանսական բուրգ չի համարում, և մարդկանց զգուշացնում է՝ ներդրումներ անելիս զգուշավոր լինեն և հիշեն, որ նման կայքերը կարող են փակվել։