«Հասարակությունը նոր որակի և բովանդակության ուժերի անհրաժեշտություն ունի։ Մենք տեսնում ենք, որ կա մեծ անվստահություն գործող իշխանությունների և տիտղոսային ընդդիմության հանդեպ։ Երկրում փոփոխություններ տեղի չեն ունենում նաև այս պատճառով, քանի որ ստեղծվում է փակումային իրավիճակ. խորանում են հասարակական խնդիրները, ոչ քաղաքական լուծումների փնտրման վտանգավոր մոլուցքը»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Նրա կարծիքով՝ նոր որակի ընդդիմությունը պետք է ունենա ռեալիստական օրակարգ, ինչի բացը ունի այսօրվա ընդդիմությունը.
«Այսինքն, պետք է սթափ նայել իրականությանը և դրանից բխող լուծումներ տալ, որոհետև եթե տրվենք պոպուլիզմին, մանիպուլյացիային, հաստատ փակուղի ենք մտնելու, որովհետև գործող իշխանությունից ավելի մեծ մանիպուլյատոր և ստախոս դժար է գտնել»։
Սուրենյանցը նշեց՝ նոր հարթակ ձևավորելը վեր է մեկ անձի կամ կուսակցության ուժերից, քանի որ պետք են կազմակերպչական, ինֆորմացիոն, քաղաքական, մարդկային ռեսուրսներ.
«Այսօրվա պայմաններում նոր դերակատարների ի հայտ գալը օրակարգային պահանջ է դարձել և կարծում եմ՝ կա մարդկային, կազմակերպչական բավարար պոտենցիալ, որի ճիշտ համախմբման դեպքում հնարավոր կլինի մինչև հաջորդ ընտրությունները ձևավորել քաղաքական այլընտրանքային հարթակ»:
Նրա խոսքով՝ եթե երրորդ ուժը սկսի ձևավորվել մեկ անձի շուրջ՝ կրկնվելու է նույն սխալը, ինչպես եղավ այսօրվա քաղաքական իշխանությունների պարագայում.
«Պետք է նոր քաղաքական օրակարգի, ասելիքի շուրջ ստեղծվի լիդերության ինստիտուտ, որը բաղկացած կլինի քիչ թվով մարդկանցից և գործընթացի ընթացքում շատ արագ կծնվի լիդերը նաև հենց հասարակության մասնակությամբ, որոնք սկսելու են համախմբվել։ Իսկ թե ով կլինի շարժման առաջնորդը և ինչպիսի կառուցված կունենա նոր ընդդիմությունը՝ հասարակության միջոցով է որոշվելու»,- եզրափակեց Սուրեն Սուրենյանցը: