«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-«Բալասանյան դաշինք» ապահարզանից հաշվված օրեր անց, ինչպես հայտնի է, իշխանությունն իրեն բնորոշ մանրախնդրությամբ Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն' Միսակ Բալասանյանին, ով սեպտեմբերին էր Իրաքում դեսպան նշանակվել:
Անցած տարեվերջին ՔՊ-ն որոշեց համայնքային իշխանությունը խլել նաեւ Գյումրիում' կոալիցիան լուծարեցին, փոխքաղաքապետներն ու մյուս ՔՊ-ական պաշտոնյաները հրաժարականներ տվեցին։ Գյումրու կառավարումն ամբողջությամբ մնաց «Բալասանյան դաշինքին», որի առաջ պայման են դրել' հրաժարվել եւ իրենց փոխանցել իշխանությունը Գյումրիում:
Միսակ Բալասանյանը, մեր տեղեկություններով, մտերիմներին ասել է, որ իշխանությունն իր առաջ պայման է դրել' «կա՛մ դեսպանի պաշտոնը, կա՛մ Գյումրին», ինքն ընտրել է Գյումրին եւ վերադարձել Հայաստան: Սակայն, մեր տեղեկություններով, ՔՊ-ն որոշել է «ե՛ւ դեսպանի պաշտոնը, ե՛ւ Գյումրին» խլել Բալասանյաններից: ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն օրերս ԱԺ-ում ամբիոնից ընթերցում էր, թե ինչեր է արել կառավարությունը Գյումրիում' որքան գումար է տրամադրել: Բայց Բալասանյանների թիմը հույսը չի կտրում, որ համաձայնության կգա Փաշինյանի հետ:
Մեզ ասացին, որ այս օրերին քաղաքապետարանը քրտնաջան աշխատում է, որ իր աշխատանքից դժգոհելու որեւէ առիթ կենտրոնական իշխանությունը չունենա' քաղաքի մայթերից հեռացնում են չթույլատրված տաղավարները, թափով շարունակում են անավարտ ծրագրերը եւ այլն։ Բայց թերագնահատում են այս իշխանություններին' կարծելով, թե նրանց լավ աշխատանքն է հետաքրքրում: Ոչ' նրանց հետաքրքրում է, որ ասպարեզից հեռացնեն Գյումրիում ձայներ ունեցող ուժին' Բալասանյաններին, որ առաջիկա ընտրություններում նրա հետ համաձայնության գնալու անհրաժեշտություն չլինի»: