ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետարանում մարզի բոլոր համայնքի ղեկավարներին, մարզպետի աշխատակազմին է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Ըստ այդ փոփոխությունների՝ համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն ավելացել են։ Եթե 2023 թվականին համայնքներին հատկացվել է 69,7 մլրդ դրամ, ապա 2024-ին 71 համայնքին կհատկացվի 85,3 մլրդ դրամ։ Աճել են նաև Լոռու մարզի բոլոր համայնքների դոտացիաները։
Նախարարը նշել է, որ նախկին կարգավորումները թույլ չէին տալիս ապահովել համայնքների համաչափ զարգացում։ Իսկ ներկա կարգավորումներով համայնքների ֆինանսավորումը էականորեն աճում է, առանձին գործակիցներ են կիրառվում և արդյունքում բավական մեծ բյուջե է ձևավորվում։
«Բայց այդ գումարները պետք է խելամտորեն ծախսել։ Այդ գումարները պետք է ծախսել համայնքային այն խնդիրների վրա, որոնք լուծման են սպասում, այն խնդիրների համար, որոնց լուծման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ էին պետք, բայց չկար»,-ընդգծել է նախարարը։
Նշենք, որ իրականացված փոփոխություններով ազգային փոքրամասնություններով բնակեցված բոլոր համայնքներին հավելյալ 50 միլիոն դրամ կհատկացվի։ Լոռու մարզում առանձին 50 մլն դրամ կհատկացվի Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքին։