Կուրիլյան կղզիները ռուսական տարածք են, Մոսկվան կզարգացնի դրանք, հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է RBC-ն։
«Միևնույն ժամանակ, կաճի նրանց ռազմավարական դերը, այդ թվում՝ այնտեղ նոր զինատեսակների տեղակայումը»,- գրել է նա VKontakte սոցիալական ցանցում։ Մեդվեդևն այսպես է արձագանքել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի այն խոսքերին, թե Տոկիոն դեռևս ակնկալում է Մոսկվայի հետ խաղաղ պայմանագիր կնքել տարածքային վեճի լուծումից հետո։
Ըստ Մեդվեդևի՝ «ոչ ոք դեմ չէ» համաձայնագրի կնքմանը, եթե հաշվի առնվի, որ «տարածքային հարցը Ռուսաստանի Սահմանադրության համաձայն ընդմիշտ փակված է»։ Անվտանգության խորհրդի փոխնախագահն ասել է, որ ինքը Կուրիլյան կղզիները չի համարում վիճելի տարածքներ, և իրեն «խորապես չի հետաքրքրում», թե ինչ է մտածում ճապոնական կողմը «այսպես կոչված հյուսիսային տարածքների» մասին։ Տոկիոն Հարավային Կուրիլներն անվանում է «հյուսիսային տարածքներ»։
Երկու երկրները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության պայմանագիր չկնքեցին Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ կղզիների և Հաբոմայ լեռնաշղթայի պատճառով, որոնք անցել էին Խորհրդային Միության վերահսկողության տակ։ Տոկիոն կղզիներն անվանում է «օկուպացված» և պահանջում նրանց վերադարձը։ Մոսկվան կարծում է, որ տարածքները օրինական կերպով մտել են ԽՍՀՄ կազմի մեջ։
2023 թվականի վերջին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը տարածքային վեճեր չունի այլ երկրների հետ, դրանք բոլորը փակ են։ Ճապոնիայի դեսպանատանը պատասխանել են՝ ասելով, որ կողմերի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել «հենց այն պատճառով, որ երկրների միջև տարածքային խնդիրը մնում է չլուծված»։
Մոսկվան հրաժարվեց շարունակել այդ հարցի քննարկումը 2022 թվականի մարտին, երբ Տոկիոն պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ Ուկրաինայում նրա ռազմական գործողությունների պատճառով։ Ճապոնիան նույնպես ներառվել է ռուսական «անբարյացակամ երկրների» ցուցակում։
Ինչպես հայտնել ենք, Ճապոնիայի վարչապետն ավելի վաղ ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, եթե Ռուսաստանը համաձայնի լուծել Կուրիլյան կղզիների հետ կապված տարածքային վեճը։