«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ հետևում ես կրթական համակարգում տեղի ունեցող վայրիվերումներին, տպավորություն է, որ այն հայտնվել է իշխանության տոտալ ճնշման ներքո, սպասում են, թե այն որքան կդիմադրի ու կդիմանա: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանին մեր զրույցի սկզբում հարցնում եմ՝ ի՞նչ է կատարվում մեր կրթական համակարգի հետ, ի՞նչ են փորձում անել: «Եթե շատ կարճ, ապա քաոսային վիճակն ավելի խորանում է, բայց, կարծես, այդ քաոսն արդեն որոշակի ուղղվածություն է ձեռք բերում: Իշխանություններն արդեն հասկացել են, որ ամեն ինչի հիմքում կամ առանցքում կրթությունն է, և հասարակական հարաբերությունները փոխելու, կամ, այսպես ասած, Երրորդ հանրապետության գերեզմանաքարը դնելու համար անհրաժեշտ է, որպեսզի կրթության համակարգում դա ամրագրվի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Օրեր շարունակ բուռն քննարկվում է «Հայոց պատմություն» դասընթացի անվան փոփոխությունը: Դա ոլորտային փորձագետների և, ընդհանրապես, հանրության անհանգստությունն առաջ բերեց՝ ինչո՞ւ պետք է դասընթացը կոչվի «Հայաստանի պատմություն», ո՞րն է հիմնավորումը: Կրթության փորձագետը հիշեցնում է, որ այդ փոփոխությունը հանրային քննարկման դաշտ նետվեց մեկ օրվա, կարելի է անգամ ասել՝ ժամերի ընթացքում: «Պաշտոնյաներից մեկն ասաց, որ իրեն իբր դիմել են պատմաբաններ, որոնց անունները մինչև այս պահը հայտնի չէ, և առաջարկել են «Հայոց պատմությունը» դարձնել «Հայաստանի պատմություն»: Շատ զարմանալի է այն կայծակնային արագությունը, որով այդ նախագիծը հայտնվեց e-draft կայքում: Դա արվեց շատ արագ, մինչդեռ գիտենք, թե կրթության ոլորտում որքան դանդաղկոտություն են ցուցաբերում իշխանությունները: Այս արագությունն ուղղակի զարմանք հարուցեց շատերի մոտ, և, բնականաբար, հակառակ ռեակցիան եղավ և՛ հասարակության, և՛ գիտակից զանգվածի շրջանում՝ «ուրեմն, սրա հետևում ինչ-որ գաղտնի բաներ կան թաքնված»:

Հարցում արեցինք նախարարությանը, թե արդյո՞ք վերնագրի փոփոխությունը փոփոխություն է ենթադրում նաև բովանդակության մեջ: Պատասխանը եղավ, որ բովանդակության մեջ որևէ փոփոխություն այս պահին մտածված չէ, և դա վերաբերում է միայն առարկայի վերնագրին: Իսկ թե ինչո՞ւ չպետք է փոխել դասընթացի վերնագիրը, այդ հարցին օրեր առաջ շատ դիպուկ արձագանքել են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, Հայոց պատմության ամբիոնը: Ուղղակի պետք է հիշել, որ, ըստ էության, անկախացումից հետո սա ակադեմիկոսների մտահղացումն է եղել՝ վերադառնալ «Հայոց պատմությանը»՝ փոխելով «Հայ ժողովրդի պատմություն» արտահայտությունը: Հասկանալի է, որ այս պարագայում եղած նյութը ծավալային և բովանդակային առումով ավելի մեծ է, քան այն, ինչը դրվելու է «Հայաստանի պատմություն» արտահայտության տակ»,-նշում է մեր զրուցակիցը:

Բավականին շատ են նաև դժգոհությունները դասագրքերից, դրանցում մատուցված նյութերից: Օրինակ՝ փորձագիտական մի ամբողջ հանրույթ «կռիվ» է տալիս «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի և նրա հեղինակի հետ: «Ըստ էության, զարմանք է հարուցում նաև այն հապճեպությունը, թե ինչպես այդ դասագրքերը մտան դպրոց: Դասերը սկսվելուց մեկ կիսամյակ է անցել, և կան դպրոցներ, որոնք դեռևս այդ դասագրքերը չունեն: Ուսուցիչները ստիպված են լինում դաս առ դաս դրանք բազմացնել և տալ երեխաներին, որն էապես ազդում և հետ է գցում մեր կրթական համակարգը, դրանից էապես ընկնում է կրթության որակը: Այդ հապճեպությունը ևս բացատրվում է նրանով, որ կրթական համակարգը քանդելու մարմաջը չափեր և սահմաններ չի ճանաչում: Կամ՝ անցած տարի ունեցանք չափորոշիչների փորձարկում Տավուշի մարզում: Առանց դրանց արդյունքները հաշվի առնելու, ընդ որում՝ կային մեծ բողոքներ և դժգոհություններ Տավուշի մարզի ուսուցիչների շրջանում, դրանք ուղղակի ներդրվեցին հանրապետության մյուս բոլոր դպրոցներում: Այսինքն, ստացվում է, որ կառավարությունն ունի հստակ գիծ՝ դա հակազգային կամ արտաքին ուժերի կողմից թելադրված քաղաքականության որոշակի ուղղվածություն է, որն իր արտացոլումն է գտնում կրթության բնագավառում»,-ընդգծում է փորձագետը:

Ականջալուր չլինելով փորձագիտական հանրույթի դժգոհություններին, որոնք վերաբերում են կրթության որակին, կառավարությունը շարունակում է կյանքի կոչել «Ակադեմիական քաղաքի» գաղափարը: «Սա էլ բարձրագույն կրթության և գիտության համակարգը կազմալուծելու փորձ է, որովհետև այնտեղ պայման է դրվում, որ հաջորդ տարվանից սկսած բուհերը և գիտական կազմակերպությունները, այսպես ասած, պետք է միավորվեն, իսկ դա նշանակում է ևս մեկ հարված գիտության և բարձրագույն կրթության ոլորտին: Եվ, իհարկե, կա ևս մեկ ռիսկ՝ լավ գաղափարի արժեզրկումը: Եթե գաղափարը վերցնում են, չեն իրականացնում կամ իրականացնում են վատ ձևերով, դա ուղղակի գաղափարը վերացնելու միտում ունի, ինչն ավելի վատ է»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ