Ռուսաստանը պատրաստ է նպաստել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան, եթե նրանք ցանկանան, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ցավոք, ղարաբաղցի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր։ Այս առումով՝ կարևոր է պայմաններ ստեղծել ցանկացողների վերադարձի համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը»,- ասել է նա։

«Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է Գալուզինը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքով՝ «ռուսական ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր վեց խաղաղապահների կյանքի գնով, 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հաջողվել է խուսափել զգալի քաղաքացիական զոհերից»։

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ակտիվ միջնորդությամբ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցություններ են վարվել Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև։ Մեր խաղաղապահները ապաստան են տրամադրել խաղաղ բնակչությանը, հումանիտար օգնություն են հասցրել և կազմակերպել բժշկական տարհանումներ»,- ասել է Գալուզինը։