Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը նախ անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքներին, նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին և այլ թեմաների: Ուշագրավը, սակայն, հանդիպման ընթացքում Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից բարձրաձայնված հարցերն էին և հասցեական քննադատությունը, որն ակնհայտորեն հունից հանեց Նիկոլ Փաշինյանին: Բանախոսներից մեկը Փաշինյանին բացահայտ կերպով մեղադրեց ձախողվելու մեջ և պահանջեց վերջինիս հրաժարականը։
Ակնհայտ է, որ որքան էլ Փաշինյանը և թիմակիցը խոսում են Սփյուռքի հետ հարաբերությունները ռեստարտի ենթարկելու մասին, որքան էլ փորձում են համոզել, որ Հայաստանի և Սփյուռքի միջև որևէ կնճռոտ հարցեր չկան՝ դա, մեղմ ասած, այդպես չէ: Սփյուռքն արձագանքում է այս իշխանությունների վարած քաղաքականությանը և առիթը բաց չի թողնում ի ցույց դնելու իր վերաբերմունքը և մոտեցումները Փաշինյանի և նրա թիմակիցների վարած քաղաքականության հանդեպ: 44-օրյա պատերազմից և խայտառակ կապիտուլյացիայից հետո Սփյուռքի ավելի քան 50 կազմակերպություն միահամուռ կերպով պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես տեսնում ենք՝ այդ պահանջը դեռ ակտուալ է: Ակնհայտ է, որ Սփյուռքի և Փաշինյանի կողմից առաջ մղվող օրակարգերը տարբեր են, եթե Սփյուռքը շարունակում է իր պայքարը հանուն Արցախի և արցախցիների խախտված իրավունքների ոտնահարման, Հայ Դատի արդար լուծման , ապա Փաշինյանն անում է տրամագծորեն հակառակը՝ սիրահաշելով Թուրքիային, սահմանադրական բարեփոխումների միջոցով խնբագրելով Անկախության հռչակագիրը և հրաժարվելով հայկական ինքնության մաս հանդիսացող սիմվոլներից, մասնավորապես՝ Արարատից: 2019 թվականին Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանի և Սփյուռքի միջև չկա սահման, այսօր Սփյուռքի վերաբերմունքը ՀՀ իշխանություններին վկայում է այն բանի մասին, որ այդ սահմանն առկա է և այդ սահմանը նախանշել են հենց Փաշինյանն ու թիմակիցները՝ Սփյուռքի հանդեպ վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքում: