«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին քաղաքականության վերաբերյալ հիմնական դիսկուրսը Հայաստանում տատանվում է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, սակայն այդ ֆոնին հաճախ անտեսվում են Հարավային Ասիայի ու արևել յան Ասիայի երկրների հետ հարաբերությունների հարցերը։ Այս կոնտեքստում ամենակարևոր պետություններից մեկը մեր հարևան Իրանն է, սակայն Թեհրանի հետ հարաբերությունները այդպես էլ շատ բարձր մակարդակի չեն բերվում՝ չնայած այն հանգամանքին, որ հենց Իրանն է իր դիրքորոշումը հստակ արտահայտում տարածաշրջանային իրողությունների համատեքստում: Մասնավորաբար, ոչ մեկ անգամ Իրանը հստակ հայտարարել է, թե դեմ է տարածաշրջանում ճանաչված սահմանների փոփոխությանը։

Երբ Ադրբեջանը փորձում էր սադրանքներ իրականացնել Սյունիքի ուղղությամբ ու բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», Իրանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով զորավարժություններ էր իրականացնում ու զգուշացումներ հղում Բաքվին։ Բայց Իրանի հետ մեր համագործակցությունը խորացնելու փոխարեն ՀՀ իշխանությունները գնում են Ադրբեջանի հետ մեր սահմանների երկայնքով եվրոպական դիտորդների թիվն ավելացնելու ճանապարհով, ինչի արդյունքում Իրանն անհանգստանում է, ու պատահական չէ, որ Թեհրանից հայտարարություններ են հնչում, թե դեմ են տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը։ Մյուս առանցքային պետությունը Հնդկաստանն է, որի հետ մեր հարաբերությունները կարող ենք առավել խորացնել։