Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ քննարկվել է «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանը և նրա տեղակալները Կառավարության ղեկավարին զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում տարածքային զարգացման քաղաքականության շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Դպրոցաշինության, տարածքային բարեփոխումներին աջակցության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շրջանակում վարչապետին զեկուցվել է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ընթացքի մասին: Նշվել է, որ այն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Խոշորացված համայնքներում իրականացվել է 77 ծրագիր։

Ինչ վերաբերում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, ըստ պատասխանատուների, այն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշն է նվազագույնը 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 22000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Նախորդ տարեվերջի դրությամբ ավարտվել են 16 դպրոցների կառուցման աշխատանքները: Ծրագիրը իրականացվել է 7 մարզերում /մեկական դպրոց/ և Երևան քաղաքում /9 դպրոց/։ Մինչ այժմ շահագործման հանձնած 16 դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 10700 աշակերտի համար։ Մշակվել են նաև տվյալ դպրոցների՝ աղետների ռիսկի կառավարման և տարհանման պլանները։ Մշակված և հաստատված են ՀՀ սեյսմիկ շինարարական նոր նորմերը, սեյսմակայուն շինարարության ուղեցույցը, 1:500000 սեյսմիկ վտանգների քարտեզը, շինարարության բնագավառում վերապատրաստվել է ավելի քան 100 աշխատող մասնագետ։ Ծրագրով 2023թ.-ին իրականացվել են 12,2 մլրդ դրամի աշխատանքներ։ 2022թ․ համեմատ աճը կազմել է 37,1%։

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Տարածքային զարգացման հիմնադրամի՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում ներգրավվածությանը, շինարարական ծրագրերի որակին և արդյունավետությանը: Վարչապետը նշել է, որ պետք է մտածել շինարարության ինդուստրիալիզացիայի մասին: «Շինարարության այս մեթոդները կամաց-կամաց հնացած են համարվում: Այսօրվա ստանդարտներն ուրիշ են և՛ էներգախնայողության, և՛ շրջակա միջավայրի վրա ազդեցության, էկոլոգիական չափանիշների առումով: Երկրներ կան, որ կարող են 300 դպրոցը երեք ամսում կառուցեն, ավարտեն: Ու սրա մեջ չափազանցություն չկա, որովհետև այսօր մենք տեսնում ենք, որ բազմաբնակարան շենքերը շաբաթների ընթացքում կառուցում են: Գուցե մտածենք այս ուղղությամբ ներդրումները խթանել: Հիմա տնտեսական արդիականացման ծրագիրը, որ արվում է, հենց ճանապարհաշինության ոլորտում մեծ էֆեկտ է տվել, որովհետև բերվել է նոր շինարարական տեխնիկա և այլն: Գուցե շենքերի շինարարության ոլորտում ինդուստրիալիզացիայի ծրագրերը խթանենք, որոշակի ծրագրեր սուբսիդավորենք, որպեսզի մարդիկ սկսեն շինհրապարակների տրամաբանությունից դուրս գալ գործարանների տրամաբանության: Մենք կարող ենք դա ամեն դեպքում խթանել, և մեր քաղաքականությանը համապատասխան է:

Մեր մոդուլային դպրոցներն իրականում փոքր շինարարություններ են: Ինդուստրիալ տրամաբանության մեջ եթե դնեն, շատ արագ կարելի է կառուցել, ամեն դեպքում ժամկետները կիսով չափ կրճատել և դուրս գալ: Հիմա եթե նույն շինարարություններն այդքան հետաձգվում են, դա կոնկրետ տնտեսական ազդեցություն է ունենում բոլորի վրա: Պետք է գնանք առաջ և լուծենք այս հարցը, որովհետև ինչպես ասել ենք, սա 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի առաջին փուլն է, զարգացման ռազմավարություններին համապատասխան մեզ երկրորդ, երրորդ, չորրորդ 300 դպրոցն էլ է վստահաբար պետք լինելու: Սա ավարտելուց հետո էլ, հույս ունենք, որ մեր ժողովրդագրության և տնտեսական զարգացման ծրագրերն այնպիսին կլինեն, որ այս բոլոր եղածներն ավարտելուց հետո ցանցը զարգացնելու լրացուցիչ հարց պետք է ունենանք օրակարգում»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ դպրոցները շահագործման հանձնելուց հետո պատասխանատուները հետևո՞ւմ են դրանց հետագա շահագործման ընթացքին: «Այն, որ ճանապարհը փոս է ընկնում, ճաքում է, դա բոլորը տեսնում են, կամ շատերն են տեսնում, բայց այն, ինչ դպրոցի ներսում է կատարվում, դա քչերն են տեսնում: Մենք գնո՞ւմ ենք, տեսնենք, թե ինչ կա-չկա»:

Սարգիս Բաղինյանը զեկուցել է, որ շատ դեպքերում դպրոցների տնօրինությունը թերանում է վերանորոգված օբյեկտների պահպանման, սպասարկման գործում: «Կառուցված կամ հիմնանորոգված օբյեկտը մեկ տարի երաշխիքի մեջ են, լինում են թերություններ, որոնք շինարարներն ամբողջությամբ վերացնում են»,- ասել է Բաղինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է շատ խիստ վերահսկողություն իրականացնել: «Այսինքն՝ սպասարկումը պետք է, դա էլ շատ ծավալուն և կարևոր թեմա է: Կառավարման և սպասարկման մշակույթ պետք է նաև ձևավորենք, որովհետև այս դպրոցները, որ նորոգում ենք, ոչ մի տարվա է, ոչ էլ երկու տարվա, երկարաժամկետ ներդրում ենք արել, և պետք է հույս ունենանք, որ այդ ներդրումն իրեն արդարացնելու է»,- ասել է վարչապետը: