Այսօր Կառավարության նիստի ընթացքում քննարկվում էր ԿԳՄՍ նախարարության հեղինակած նախագիծը, որով նախատեսվում է դրամական խրախուսում սահմանել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններին և մրցանակաբաշխություններին մասնակցած ու մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար:
Դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝
«Հիմա մենք փաստորեն այս որոշմամբ ու՞մ ենք անդրադառնում․ կինոարտադրողներին անդրադառնում ենք, թատրոնին, կերպարվեստին, գրականությանը, պարարվեստին, երաժշտությանը ևս անդրադառնում ենք, էլ ի՞նչ մնաց»։
Ի պատասխան նախարարը վարչապետին լրացրեց, ասելով, որ մշակութային ժառանգությունը ևս իրենց ցանկում է, որովհետև թանգարանների ոլորտում է։
Հավելենք՝ նախագիծը Կառավարության կողմից հավանության արժանացավ։ Անդրեասյանի խոսքով՝ նախնական վերլուծության համաձայն՝ այս տարի 11 անհատ ու երկու խումբ կարժանանան խրախուսանքի, իսկ ընդհանուր բյուջեն կկազմի 85 մլն դրամ, որը կտրամադրվի նախարարությանը հատկացված միջոցներից։