Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ՝ 2024 թվականի մարտի 11-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության 2023 թվականի աշխատանքները:

Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, ի թիվս այլնի, ներկայացրել է մայրաքաղաքում հանցավորության վիճակը, կոռուպցիոն գործերի քննության ընթացքն ու պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքը:

Երևան քաղաքի դատախազը հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 20 հազար 231 դեպք (2022 թվականին՝ 21 հազար 604 դեպք). դեպքերը նվազել են 1373-ով կամ 6,4%-ով:

2023 թվականին Երևան քաղաքում արձանագրվել է գողության 4436 դեպք (2022 թվականին՝ 6361). դեպքերը նվազել են 1925-ով կամ 30,3%-ով:

Մայրաքաղաքում բնակարանային գողության դեպքերը նվազել են 150-ով կամ 29,0%-ով՝ կազմելով 367 դեպք՝ նախորդ տարվա 517 դեպքի դիմաց:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերը հաշվետու տարում աճել են 1836-ով կամ 186,4%-ով (2023 թվականին՝ 2821 դեպք, 2022 թվականին՝ 985):

2023 թվականին Երևան քաղաքում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 266 դեպք (2022 թվականին՝ 225 դեպք), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 209 դեպք (2022 թվականին՝ 102 դեպք):

Երևան քաղաքի դատախազության կողմից նախորդ տարվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնվել 117 քրեական վարույթ՝ 150 անձի վերաբերյալ (2022 թվականին դատարան է հանձնվել 100 քրեական գործ (վարույթ)՝ 103 անձի վերաբերյալ):

Նշված բոլոր գործերն ընդունվել են վարույթ, դրանցից 25 քրեական գործով 25 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, 2 քրեական գործի վարույթ կարճվել է, 90 քրեական վարույթով դատաքննությունը շարունակվում է:

Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված աշխատանքներին, Երևան քաղաքի դատախազն առանձնացրել է դատախազների հաղորդումների հիման վրա նախաձեռնված մի շարք քրեական վարույթներ, որոնք վերաբերել են՝

Նորագավիթ 1-ին փողոցի օտարման ոչ ենթակա հողերը սեփականության իրավունքով մի շարք անձանց փոխանցելուն.

Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոցի հ.2 հասցեում գտնվող հողամասերի զավթմանը.

Եղվարդի խճուղի 22 և նույն թաղամասի Անաստաս Միկոյան փողոցի 64-րդ հասցեներում տեղակայված օտարման ոչ ենթակա այգին սեփականության իրավունքով ֆիզիկական անձին փոխանցելուն.

«Ուսանողական» այգու տարածքը իրավական նորմերին հակառակ օտարելուն.

Աբովյան պուրակում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառելուն.

Ավտոմոբիլների լցավորման կայանը տարիներ շարունակ ապօրինի գործելուն.

Երևանի «Մանկական այգու» տարածքում ինքնակամ կառուցված շինություններն օրենքի խախտմամբ սեփականաշնորհելուն.

Երևանի Խորենացի փողոցում գտնվող հողատարածքն օրենքի խախտմամբ օտարելուն և այլն։

Հանրապետության գլխավոր դատախազը հանձնարարել է 2024 թվականին ևս ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիոն գործերի քննությունն ու պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը: