«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պարզվում է՝ իշխանության համար վարժական հավաքները գլխացավանք են դարձել, ուղղակի անկառավարելի մի գործընթաց: Եվ չնայած այս համակարգն արդեն քանի տարի է՝ ներդրվել է, սակայն նախարար Սուրեն Պապիկյանը բողոքել է, որ չեն կարողանում վերահսկել եւ պատշաճ իրականացնել այդ գործընթացը։
Այս հարցը քննարկվել է նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ, եւ Պապիկյանը հույս է հայտնել, որ հավաքների իրականացումը եւ վարժանքներին մասնակցելու անհրաժեշտ քանակը կապահովվեն, երբ ուժի մեջ մտնեն օրենքում կատարվող փոփոխությունները, որով վարժական հավաքին մասնակցության համար զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերը կհամարվեն վավեր արդեն այն պարագայում, երբ դրանք հրապարակվեն azdarar.am կայքում։
Գործող կարգի համաձայն, զինկոմիսարիատները փոստով են ծանուցում քաղաքացիներին, որոնք շատ հաճախ չեն ներկայանում փոստային բաժանմունքներ, կամ' երբ տուն են տանում, չեն վերցնում ծանուցագրերը, չեն ստորագրում, հարազատներն ասում են, որ քաղաքում չէ, կամ' հաշվառման վայրն ու փաստացի բնակության վայրը չեն համընկնում: Այս բոլոր դեպքերում, ըստ գործող կարգավորումների, անձը չի համարվել պատշաճ ծանուցված, ուստի հնարավոր չէր նրան, ըստ օրենքի, վարժական հավաքներից խուսափելու հիմքով քրեական պատասխանատվության ենթարկել:
Նոր առաջարկով՝ azdarar.am-ում ծանուցումը տեղադրելուց հետո այլեւս ոչ ոք չի կարող մանեւրել, քաղաքացու վրա այսպիսով կդրվի պարտավորություն' պարբերաբար հետեւել այդ կայքին եւ տեղեկանալ՝ իր վերաբերյալ ծանուցում կա՞, թե՞ ոչ։ Ծանուցումը տեղադրելուց ժամեր անց անձը կհամարվի ծանուցված, եւ արդեն կարող են քրեական գործ հարուցել, հետախուզում հայտարարել եւ այլն: Գերատեսչության հրամկազմի այս առաջարկը, որին ուզում են օրենքի ուժ տալ, բնականաբար, միանշանակ չի ընդունվել, քանի որ Հայաստանում քիչ չեն համայնքները, որտեղ անգամ ինտերնետ կապի անխափանության խնդիր կա, առավել եւս՝ ոչ բոլորը կարող են մուտք գործել կայք ու հայտնաբերել իրենց վերաբերյալ «սեւ թուղթը», ուստի առաջարկվել է շարունակել այլ գործիքակազմ մտածել։
Քննարկվել է նաեւ վարժանքներից խուսափողների քրեական պատիժը խստացնելու հարցը, որը եւս կխթանի մյուսներին՝ չխուսափել հավաքներից։ Օրակարգում է եղել նաեւ աշխարհազորի վերաբերյալ օրենքը: Ըստ մեր աղբյուրների՝ ՊՆ-ն ուզում է աշխարհազորի անվանումը եւ հասկացությունը փոփոխության ենթարկել․ օրենսդրորեն սահմանել «աշխարհազոր» եզրույթը՝ որպես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության մասին եզրույթ: Ինչպես նաեւ այն իրականացնել տարածքային սկզբունքով, ասենք' արարատցիներին հավաքագրել մի գումարտակի մեջ, արմավիրցիներին՝ մյուս, եւ այսպես շարունակ, ձեւավորել աշխարհազորայիններից խմբեր, որոնք կենթարկվեն ԶՈՒ ԳՇ-ին։