Հայաստանը 2024 թվականի «Երջանկության համաշխարհային զեկույցում» ամենաերջանիկ երկրների ցանկում զբաղեցրել է 82-րդ տեղը։

Ուսումնասիրությունը հիմնված է վեց հիմնական գործոնների վրա՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ, սոցիալական աջակցություն, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի մակարդակ: Ընդ որում, վարկանիշը հիմնված է մարդկանց գնահատականների վրա։

Ֆինլանդիան արդեն մի քանի տարի է, ինչ համարվում է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։ Լավագույն եռյակում, ինչպես նախորդ տարի, երկրորդ տեղում է Հյուսիսային Եվրոպայի երկրներից՝ Դանիան, երրորդում՝ Իսլանդիան։

Ամենաերջանիկ երկրների տասնյակում հաջորդ տեղերն զբաղեցրել են Շվեդիան, Իսրայելը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան և Ավստրալիան։

Երկրորդ տասնյակում են Արևելյան Եվրոպայի երկրները՝ Չեխիան, Լիտվան և Սլովենիան։ ԱՄՆ-ն և Գերմանիան զիջել են իրենց դիրքերը՝ զբաղեցնելով 23-րդ և 24-րդ տեղերը:

Վրաստանը զբաղեցրել է 91-րդ, Թուրքիան՝ 98-րդ, Իրանը՝ 100-րդ, Ադրբեջանը՝ 101-րդ տեղերը։

Ռուսաստանը 72-րդ տեղում է, Ուկրաինան՝ 105-րդ։

Ամենադժբախտ երկիր է ճանաչվել Աֆղանստանը, որին հաջորդում են Լիբանանը, Լեսոտոն, Սիերա Լեոնեն և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։

Զեկույցի հրապարակումը համընկել է մարտի 20-ին նշվող «Երջանկության միջազգային օրվա» հետ։