«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարածաշրջանային այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի «վերջին կանգառը» Հայաստանն էր՝ Երևան, Հանրապետության հրապարակ: Միանգամնց նշենք, որ բարձրաստիճան ՆԱՏՕ-ական հյուրին Երևանում չափազանց ջերմ ընդունեցին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը քաջաբար ելավ կառավարության շենքից ու Ստոլտենբերգին անձամբ դիմավորեց իր աշխատավայրի' սովորաբար տարաբերետակիր ոստիկանական վաշտերով լցոնված հրապարակահայաց մուտքի մատույցներում:
Ճեմելով գնացին առանձնազրուցելու: Ասուլիսից հետո էլ նորից անձամբ ճանապարհեց մինչև սպասարկող ավտոմեքենայի դուռը՝ մարտյան անձրևի խոշոր կաթիլներից պաշտպանող, թիկնապահների բռնած մեծ, սև անձրևանոցների հովանու ներքո: Բայց այդ՝ ֆիլմանկարագրական դրվագներից բացի, ավելի հետաքրքրական ու կարևոր բաներ տեղի ունեցան: Մասնավորապես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի ու Փաշինյանի համատեղ ասուլիսի ժամանակ: Ստոլտենբերգը մի ամբողջ շարք ուշագրավ հայտարարություններ արեց, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սատարելու, խաղաղության գործընթացը խրախուսելու առումներով: Բայց այդ, այսպես ասենք, «պարտադիր ծրագրից» զատ, նա՝ Ստոլտենբերգը ընդգծված հակառուսական, կտրուկ, թշնամական հայտարարություններ հնչեցրեց: Շեշտենք՝ Երևանից:
Մասնավորապես, Յենս Ստոլտենբերգը նախ հայտարարեց. «Պատերազմն Ուկրաինայում սթափեցնող հիշատակում է խաղաղության արժեքի մասին։ Ես ողջունում են ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ»: Բայց դա ամենը չէր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գործընկերներին կոչ արեց իրենցից կախված ամեն բան անել, որպեսզի «Պուտինը չհաղթի իր ագրեսիվ պատերազմում»: Ստոլտենբերգը, ընդունելով, որ իրավիճակը մարտադաշտում (Ուկրաինայում) իրենց համար ծանր է, այդ պատճառով էլ անհրաժեշտ է ավելացնել աջակցությունն Ուկրաինային, հետևյալ ֆրազը «մեխեց». «Եթե Պուտինը հաղթի, կառաջանա իրական սպառնալիք, որ ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և դա կոգեշնչի ավտորիտար այլ սուբյեկտների»:
Փորձենք հնարավորինս առանց հույզերի դիտարկել իրավիճակն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արած հայտարարությունները, բնորոշումները: ՆԱՏՕ-ն, հասկանալի է, Ռուսաստանի ոխերիմ թշնամին է, ՆԱՏՕ-ի նպատակը պարզ է՝ Ռուսաստանի ոչնչացումը, Ռուսաստանի եղած-չեղած ռեսուրսները անվճար կամ որպես ռազմավար տնօրինելը: Դե, Նապոլեոնը փորձեց ժամանակին, ավարտվեց Փարիզում ռուսական զորքի հաղթահանդեսով, Գերմանիան փորձեց, հայտնի է, թե ինչ եղավ: Թերևս որոշել են «մի հատ էլ փորձել»: Բայց դա դեռ մի կողմ:
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի թշնամին է տվ յալ դեպքում, ՆԱՏՕ-ն այս պահին չի կարողանում ռեալ աջակցություն ցուցաբերել իր հովանավորյալ Ուկրաինային, որը պարտություն է կրում ռազմադաշտում, և այդ ենթատեքստում միանգամայն սպասելի են Ստոլտենբերգի հայտարարության ենթատեքստն էլ, տոնայնությունն էլ: Սակայն նա նման հայտարարություն չի անում Եվրոպայում ինչ-որ տեղ: Նա նման հայտարարություն չի անում անհամեմատ արևմտամետ դիրքորոշված Վրաստանում, նման բան չի ասում ՆԱՏՕ-ի հիմնական անդամ ու դաշնակից Թուրքիայի «կրտսեր եղբայր» Ալիևի ներկայությամբ՝ Բաքվում: Այլ գալիս ու նման՝ ընդգծված հակառուսական հայտարարություն է անում հենց Երևանում, անձամբ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: Դա սադրանք չէ, հապա ի՞նչ է:
Ընդգծենք. Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չհակաճառեց, չհակադարձեց Ստոլտենբերգին: Օրինակ՝ չնշեց, որ ինքն ընդամենը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, այլ ոչ թե, ասենք, լիարժեք համերաշխություն է հայտնել Ուկրաինային: Ի դեպ, բավականին վիրավորական է, անգամ՝ ազգային արժանապատվության ոտնահարում է, եթե Հայաստանը «համերաշխ լինի» Ուկրաինայի հետ, որը ցնծագին արտահայտություններով ու ձևակերպումներով, ջերմորեն շնորհավորել է Ալիևին՝ Արցախը զավթելու, Արցախում ցեղասպանություն իրականացնելու, Արցախը հայաթափելու հետ կապված: Այսինքն, ի՞նչ, Հայաստանը համերաշխ է... հայերի դեմ ցեղասպանական ոճիր իրագործած թշնամուն հենց այդ կապակցությամբ շնորհավորող Զելենսկու հե՞տ...
Վերադառնանք, սակայն, Ստոլտենբերգին: Պետք չէ քաղաքագիտության հանճար լինել՝ հասկանալու համար, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջան եկել էր հիմնական նպատակ ունենալով, ինչպես ասվում է, անձամբ տնտղել Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների տրամադրությունները՝ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու հնարավորության համար: Ադրբեջանում Ստոլտենբերգին պարզորոշ հասկացրել են, որ Բաքուն Ուկրաինայի հարցում հումանիտար աջակցությունից այն կողմ չի գնա: Վրաստանում, որ, անկախ ամենից, չափազանց հավասարակշռված քաղաքական կուրս է վերցրել (միանգամայն խելամտորեն), Ստոլտենբերգը հազիվ թե կարող էր որևէ դրական ակնկալիք ունենալ՝ իր հետապնդած նպատակին հասնելու իմաստով:
Իսկ ահա Հայաստանում, որի ղեկավարությունը հատկապես վերջին 2 տարին ընդգծված հակառուսական կեցվածքով է աչքի ընկնում, Ստոլտենբերգը իրեն թույլ տվեց նախ՝ Հայաստանը հռչակել Ուկրաինայի ու Զելենսկու հետ համերաշխ, ապա նաև Ռուսաստանի դեմ նշված հայտարարություններն արեց: Դա սառը, դաժան ու հակահայ հաշվարկ էր: Ավելին, Ստոլտենբերգը պարզորոշ հասկացրեց, որ իրենց առանցքային նպատակը Ռուսաստանի պարտությունն ու մեր տարածաշրջանից նրան դուրս մղելն է, որից հետո Հայաստանի վերահսկողը լինելու է ՆԱՏՕ-ի սիրելի դաշնակից ու անդամ Թուրքիան: Սա ասվեց գրեթե բաց տեքստով: Ստոլտենբերգի խորհրդատուները թերևս պիտի նրան հուշեին, որ Ուկրաինայի հետ Նիկոլ Փաշինյանը գուցե համերաշխ լինի, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի ժողովուրդը նույն մոտեցումն ունի:
Բայց շատ հավանական է, որ Ստոլտենբերգը պարզապես Նիկոլ Փաշինյանի անունից ասաց այն, ինչ ցանկանում է լսել Արևմուտքը վերջինիս շուրթերից, այլ ոչ թե բավարարվի հայտարարությամբ, թե այս հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ: Ամենից վատն այն է, որ ՀՀ ղեկավարություն համարվողների թողտվությամբ, եթե ոչ՝ մասնակցությամբ, Հայաստանը կարող է վերածվել աշխարհաքաղաքական բախման կետի: Թե դրա հետևանքով ի՞նչ կմնա Հայաստանից, նույնիսկ չենք ցանկանում դիտարկել: Ցանկացած տրամաբանող մարդու այդ ամենը ոչ պակաս հասկանալի է: Հասկանալի է, որ դա ինչ-որ օտարազգի, ավելին, մեր դաշնակցի թշնամի Ստոլտենբերգին չի հուզում: Բայց շատ վատ է, եթե չասենք՝ ահավոր է, որ դա գործնականում չի հուզում ՀՀ ղեկավար համարվողին ու նրա քաղաքական խմբակին: Ոչ մի լավ բան Ստոլտենբերգի հայտարարությունից չարժե սպասել: Ցավալի է, բաց դրա հետևանքները շուտով նաև կզգացվեն:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ