«Փաստ» օրաթերթը գրում է.
Արտաքին գործոններով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսության մեջ դրական իներցիան դեռևս շարունակվում է, բայց, մասնագետների համոզմամբ, այն երկարաժամկետ էֆեկտ չի կարող ունենալ, քանի որ հիմնականում պայմանավորված է փոփոխական հանգամանքներով։ Այդ մասին է վկայում նաև «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը։
Օրինակ՝ նշվում է, որ 2024 թ. հունվար-փետրվար ամիսների ՏԱՑ-ի աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և արդյունաբերության աճով, որոնց նպաստումները կազմել են, համապատասխանաբար, 10,3 և 6,3 տոկոսային կետ: Ուշագրավ է, որ հունվար-փետրվարին արդյունաբերության աճը կազմել է 28,9 %' նախորդ ամսվա համեմատ արագանալով 7,9 տոկոսային կետով: Բայց արդյունաբերության այսպիսի բարձր աճի տեմպը սկսվել է 2023 թվականի նոյեմբերից։ Դրան նախորդող ամիսներին այն գտնվում էր զրոյական վիճակում, իսկ որոշ ամիսների նույնիսկ անկում է գրանցվել այս ոլորտում։ Ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ վերելքը հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության աճով այն պարագայում, երբ այս ոլորտի մի շարք ուղղություններ նույնիսկ անկում են ապրել։
Օրինակ՝ սննդամթերքի արտադրությունը գրանցել է 0,4 % անկում, ծխախոտի արտադրությունը՝ 23,2 %, հագուստի արտադրությունը՝ 14,6 %, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ 13,4% անկում: Իսկ բարձր աճը առավելապես պայմանավորված է «ոսկերչական արտադրատեսակների արտադրություն» գործունեության տեսակի շուրջ 11,3 անգամ աճով։ Այս ամենը ցույց է տալիս, որ տնտեսական ակտիվության աճի տեմպը առավելապես բևեռացված է ու հիմնականում կախված է մշակող արդյունաբերության ընդամենը մեկ ուղղությունում առկա իրավիճակից։ Իսկ նման տեմպը երկար պահպանվել չի կարող, քանի որ որոշակի կարճաժամկետ գործոններով է պայմանավորված։
Մյուս կողմից էլ՝ որոշակի տնտեսագիտական վերլուծություններ ցույց են տալիս, որ ոսկերչական արտադրատեսակների շեշտակի աճը և, առավել ևս, արտահանման տեմպերի ավելացումը պայմանավորված են աշխարհաքաղաքական իրավիճակով։ Արևմուտքը և մասնավորապես ԵՄ-ն պատժամիջոցներ են սահմանել ռուսական ոսկերչական ոլորտի նկատմամբ՝ այդ քաղաքականությունը հիմնավորելով նրանով, որ Ռուսաստանն այդ ոլորտից ստացված շահույթը կարող է օգտագործել Ուկրաինայում ռազմական գործողությունները ֆինանսավորելու նպատակով։
Ըստ այդմ, Հայաստանը դարձել է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներմուծվող և Ռուսաստան արտահանվող ապրանքների տարանցիկ երկրներից մեկը: Ու եթե ներմուծման պարագայում մեծ քանակությամբ տեխնիկայի ու ավտոմեքենաների արևմտյան արտադրության ապրանքներ են գալիս Հայաստան, ապա արտահանվում Ռուսաստան, ադամանդի և ոսկու պարագայում դրանք նախ՝ ներմուծվում են Ռուսաստանից Հայաստան, այստեղ որոշակի մշակվում ու հայկականի անվան տակ արտահանվում։ Բայց իրավիճակի փոփոխության պարագայում, մասնավորապես Արևմուտքի ճնշման պարագայում շատ հավանական է, որ այս սխեման դադարի գործել։ Իսկ այդ դեպքում Հայաստանի տնտեսության կտրուկ աճը միանգամից կարող է փոխարինվել կտրուկ անկմամբ։
Այսինքն, հայկական տնտեսության մեջ բալանսը խախտված է։ Եվ քանի դեռ արտաքին գործոնները դրական են, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսության և մասնավորապես արդյունաբերության ոլորտում հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ։ Օրինակ՝ աճի տեմպերից գեներացվող ֆինանսական ռեսուրսները կարող են ուղղվել այլ ոլորտների զարգացմանը ու խթանել տեղական արտադրական հզորության ավելացումը։ Բայց ՀՀ իշխանությունները մատը մատին չեն տալիս այս ուղղությամբ և հանգիստ սպասում են, թե ինչ ուղղությամբ ՀՀ տնտեսությունը կտանեն արտաքին քամիները։ Իսկ այդ ընթացքում Հայաստանի տնտեսության համար նոր ռիսկեր են առաջանում։
Օրինակ՝ կասկած չկա, որ Արևմուտքի ճնշման արդյունքում ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործառույթները մարտի 30-ից դադարեցնելու վերաբերյալ հայաստանյան բանկերի գրեթե միահամուռ որոշումը բացասական է ազդելու տնտեսական միջավայրի վրա։ Հայաստանում ստեղծված իրավիճակը բարդացնելու է դրամական փոխանցումները, իսկ դա խոչընդոտելու է ֆինանսական գործառնություններին՝ բարդություններ ստեղծելով նաև գործարար շրջանակների համար, որոնք աշխատում են ռուսական շուկայի հետ։ Մյուս կողմից էլ՝ այն կարող է հանգեցնել Հայաստան տեղափոխված ռուս ռելոկանտների հավել յալ արտահոսքի, որոնք իրենց հետ կապիտալ էին բերել մեր երկիր:
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ