Ավելորդ է ևս մեկ անգամ հիշեցնել, թե իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը քանի անգամ ու ինչ պաթոսով է հայտարարել, որ վերջ է տրվել խնամի-ծանոթ-բարեկամ (ԽԾԲ) սկզբունքով աշխատանքի ընդունման պրակտիկային:
«Կառավարման համակարգը ո՞նց ա աշխատել մինչև հիմա: Էլի հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, ընտրությունների պոտենցիալ պրոբլեմ… Բոլորին բերել են, լցրել են, տեղավորել են պետական կառավարման համակարգ: Հիմա էսպիսի խնդիր չկա դրված»,- դեռևս 2018թ. օգոստոսի 9-ին կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:
2019թ. հունիսի 19-ին էլ հայտարարել էր, որ կա Քաղաքացիական ծառայության օրենք, և իրենք պայքարում են, որ «ամեն իշխանություն չգա և իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ»:
Սակայն, փորձը ցույց տվեց, որ հեղափոխական իշխանությունները շեղվել են նախապես հայտարարված ուղուց: Դրա վառ ապացույցն էլ տարբեր պաշտոնյաների ազգականների կողմից պետական և նաև մասնավոր հատվածում հարմար տեղավորվելն է:
Դիցուք՝ պատգամավոր Հայկ Կոնջորյանը կնոջը տեղավորել էր «ՀայՓոստ»-ում, ապա աստիճանաբար սկսել էր նրա հաստիքը բարձրանալ, դրան զուգահեռ՝ կրկնապատկվում էր կնոջ տարեկան ֆինանսական եկամուտը։ Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2018-ին ունեցել է 5,720,000 եկամուտ և 2,500,000 փոխառություն: 2021-ին արդեն, ըստ ներկայացված հայտարարագրի, համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերել բնակարան Նոր Նորքում, տարվա ավարտին բանկային հաշվին ունեցել է մոտ 680 հազար դրամ, կանխիկ գումարը կազմել է 950 հազար դրամ, ինչպես նաև 52,000 Ethereum և 6,600 Ripple կրիպտոարժույթ: Եկամուտը կազմել է 6,812,857 դրամ՝ աղբյուրը «Հայփոստ» և 2,287,887 դրամի աղբյուրը՝ ՊԵԿ:
Կոնջորյանի եղբայրն էլ՝ Ավետ Կոնջորյանը, Կոտայքի ՋՕԸ-ի վերահսկողության պետն է: Մամուլը գրել էր, որ վերջինս աշխատանքի չի հաճախում: Կոնջորյանն սկսել էր բոյկոտել աշխատանքը, երբ նրանց չհաջողվեց ՋՕԸ-ում իրենց «մարդուն» տնօրեն կարգել։