«Գոյ» թատրոնում լարված իրավիճակ է, քանի որ աշխատակիցները առավոտից չեն կարողանում մտնել թատրոնի շենք. «Սունդուկյանի» անվան թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքի դուռը։ «Գոյ» թատրոնի անձնակազմը ցանկանում է «Գաբրիել Սունդուկյանի» անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ պահանջել:
Աշխատակիցներից մեկը նշեց, որ իրենք որոշել էին անձամբ զանգ տալ և խնդրել բացել դուռը, որ գոնե ուսանողները կարողանան իրենց իրերը վերցնել, ինչին ի պատասխան «Սունդուկյանի» թատրոնի տնօրինությունը նշել է, որ ուսանողը պետք է ներկայանա «Գոյ» թատրոնի աշխատակցի հետ, դիմում գրի, որից հետո էլ արդեն կարող է վերցնել իրերը, քանի որ ամբողջ ընթացքը վերահսկում է ոստիկանությունը։
«Ուսանողները չգիտեն, դեռ որտեղ են խաղալու իրենց դիպլոմայինները, մենք ստիպված էին հավաքել բեմը»,- ամփոփեց աշխատակիցը։
Գոյ թատրոնի մեկ այլ աշխատակից էլ նշեց, որ իրենց համար շատ ծանր է.
«Լույսը թրթռում է, բեմն անհանգիստ է, այստեղ չեն այն դերասանները, որոնք այս բեմի վրա խաղում էին, չեմ ուզում երկար խոսել, չեմ կարողանում, բայց մի բան կասեմ, կարծում եմ՝ այն դերասանները, ովքեր պայքարում էին այսօր, մի օր կբարձրանան այս բեմ և կլինի նաև հանդիսատես: Այսօր «Գոյ» թատրոնը օկուպացված է, սա կարծում եմ, հենց տարածքի կռիվ է», - նշեց աշխատակիցը։