Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պահանջները։
Նա ուշադրություն է հրավիրել Հայաստանի իշխանությունների հայտարարության վրա՝ Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում 1991 թվականի սահմանները հարգելու պատրաստակամության մասին, ինչն իբրև թե նշանակում է, որ «Արցախը գտնվում է Ադրբեջանի կազմում»։
«Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Տավուշի մարզում չորս ոչ անկլավային գյուղերի մասին, որոնք պատրաստ է փոխանցել։ Նա այժմ այդ շրջանում համոզում է բնակչությանը, որ այլ կերպ վարվելը սխալ կլինի։ Իսկ 1991 թվականի սահմանը, որը Փաշինյանը ցանկանում էր, որ ՀԱՊԿ-ը հաստատեր ու պաշտպաներ, հաշվի չի առնվում»,- ասել է Լավրովը։
Այս սահմանները, ըստ նրա, սահմանազատման և միակողմանի քայլերի մասին խոսելու գործընթացում դառնում են «շարժական»։
«Ուստի նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը, ինչն ակտիվորեն անում է Հայաստանի ղեկավարությունը»,- ասել է Լավրովը։