Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի աշխատանքային քննարկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը ներկայացրել է «Ազգային փոքրամասնությունների օրենքի» նախագծի մշակման շուրջ տարվող աշխատանքները և նշել, որ այն ուղղված է ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման օրենսդրական երաշխիքների ամրագրմանը։

Նախարարի տեղակալը նաև կարևորել է նախագծի լավարկման նպատակով ՀՀ Ազգային ժողովի հետ երկխոսությունը։

Ռուստամ Բաքոյանն ընդգծել է գործադիրի և օրենսդիրի միջև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում սերտ համագործակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարությանը՝ արդյունավետ փոխգործակցության համար։

Քննարկման ընթացքում Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդու արժանապատվության գլխավոր տնօրինության խորհրդատուները ներկայացրել են օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ գլխավոր տնօրինության համատեղ կարծիքը, ինչպես նաև պատասխանել կարծիքով արձանագրված խնդիրների հասցեագրման վերաբերյալ հարցերին։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմի ներկայացուցիչները և այլ ներկաներ ևս ներկայացրել են օրենքի նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները։

Միջոցառման ավարտին ամփոփվել են օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները և նախանշվել են հետագա քայլերը։