Երեկ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ և հանրապետականների միաձայն որոշմամբ, առաջարկվեց, որպեսզի վարչապետի պաշտոնը շարունակի ղեկավարել Տիգրան Սարգսյանը: Հայտնի է, որ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների փոփոխություն ևս չի լինելու:

Իսկ ավելի վաղ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով կադրային վերադասավորումներին, ակնարկել էր, որ երկու նախարարի փոփոխություն լինելու է: Այս օրերին ակտիվորեն խոսում են այն մասին, որ պաշտոնանկ կլինեն ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ու բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Հավաստի են արդյո՞ք այդ տեղեկությունները' ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել է պարզել առողջապահության նախարարից: «Չգիտեմ, դուք ճշտեք»,- արձագանքել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Ինչպես եք վերաբերվում վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը հարցին նա տվել է հետևյալ պատասխանը.«Շատ լավ եմ վերաբերվում, ես ևս կողմ եմ քվեարկել և ցանկանում եմ, որ ապագա տարիներին ևս Տիգրան Սարգսյանը ղեկավարի կառավարությունը»:

Դերենիկ Դումանյանը չի ցանկացել գնահատական տալ կառավարության նախորդ տարիների աշխատանքներին' նշելով, որ այդ հարցը պետք է ուղղել կառավարության ղեկավարին:

Հարցին, թե ցանկանում եք արդյո՞ք մնալ նախարարի պաշտոնում, վերջինս արձագանքել է. «Ցանկությունը քաղաքական կատեգորեա չէ»:

Փայլակ Ֆահրադյան