Հուլիսի 28-ին Գյումրի քաղաքի Աճեմյան 2 հասցեում գտնվող «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է, իսկ շինության ներսում՝ երկրորդ հարկում, փլուզվել է մեկ կիսաքանդ միջնապատ: Գյումրեցիներն այս շենքը սիրում են անվանել «Վառեմ-մարեմի» շենք։ 2009 թվականին կառավարության որոշմամբ «Կումայրի արգելոց-թանգարանի» կազմից այս շենքը փոխանցվել էր Մշակույթի նախարարությանը։
168.am-ի հետ զրույցում Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, հանրության կառավարման փորձագետ Արթուր Գևորգյանը խոսել է ոչ միայն շենքը վերականգնելու ամենահարմար տարբերակների, այլև օրերս Գյումրիում տեղի ունեցած «Ֆեստիվառի», Թաթայի համերգի ու համերգին Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի ներկայության մասին։
Նախ մեր զրուցակիցն անդրադարձավ հայտնի շենքին, այն Անդրկովկասում առաջին փոստատան շենքն է եղել, բայց 1988-ի երկրաշարժից հետո օգտագործվել է՝ որպես բնակելի շենք, հետո սկսվել է շենքի փլուզումը։ Այն փաստորեն երկու առումով պատմամշակութային հուշարձան է, և քաղաքապետարանը միջամտության հնարավորություն չունի, պետական տարբեր մակարդակներով այն վերականգնելու համար տարբեր խոստումներ են տրվել, սակայն սայլը տեղից չի շարժվել։
«2-3 տարին մեկ հայտնվում են լուրեր, որ ինչ-որ մեկը կա, որ ցանկանում է շենքը գնել ու վերականգնել, և այլն։ Այս տարի անձրևները շատ-շատ էին, ուստի շենքի ներսից փլուզվել է։ Վերականգնելու լավագույն տարբերակը կլինի այն, որ օրվա իշխանությունը կամ որևէ իշխանություն համարձակություն ունենա նորմալ կազմակերպել շենքի օտարման հարցը, դնի աճուրդի, կամ որոշի, որ անձամբ է վերականգնելու»,- նշեց Արթուր Գևորգյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։