«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն ու հաղորդակցությունների վերականգնումն ամենակարևոր տարրերն են Հարավային Կովկասի համար. Կլաար»,- X-ի իր միկրոբլոգում այսպիսի կարծիք է հայտնել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Երեկ կարևոր հանդիպում տեղի ունեցավ հայ-թուրքական սահմանին՝ Սերդար Քըլըչի և ռուբեն Ռուբինյանի միջև։ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ու հաղորդակցությունների վերականգնումն ամենակարևոր տարրերն են առավել կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս ունենալու համար», - գրել է Կլաարը:
Ինչպես հայտնել ենք, երեկ՝ հուլիսի 30-ին, Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը։
Սա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումն էր: