Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կկայանա «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության բացման արարողությունը, որի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվեն հեղինակավոր Բրիտանական թանգարանից տեղափոխված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը։
Մշակույթի զարգացման հիմնադրամից հայտնում են, որ ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից կներկայացվի նաև ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ամփոփելով Մայր աստվածության գաղափարը նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև մեր օրեր։
Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի երկարատև համագործակցության արդյունքում։
Ցուցադրությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, գլխավոր հովանավորն է «Կերոն» զարգացման հիմնադրամը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին պտղաբերության, մայրության աստվածուհի Անահիտի արձանը մոտ վեց ամսով Բրիտանիայից Հայաստան է տեղափոխվել:
ՀՀ պատմության թանգարանը փաստաթղթային փաթեթ է նախապատրաստել Բրիտանական թանգարանի հետ, որտեղ պահվել են դիցուհու բրոնզե գլուխն ու ձախ ձեռքը:
Անահիտի բրոնզաձույլ արձանը երբեք Հայաստանում չի ցուցադրվել։ Դիմաքանդակից մնացած գլուխն ու ձախ ձեռքը Հայաստանում կցուցադրվի շուրջ 6 ամիս, կլինի Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: